Իրենք անհնարին բան են առաջարկում, դա չլինող բան է. ձկնաբույծները ցանկանում են Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպել
Ձկնաբույծները ձկնաբուծական տնտեսությունների աշխատակիցներն փակել են Շրջակա միջավայրի նախարարության շենքի հետևի մուտքը՝ Նիկոլ Փաշինյանին հեռանալ թույլ չտալու համար և ցանկանում են նրա հետ հանդիպել։
Նրանք այսօր վաղ առավոտվանից հերթական բողոքի ակցիան են անցկացնում Շրջակա միջավայրի նախարարության շենքի դիմաց, և ասում են, որ ՇՄ նախարար Հակոբ Սիմիդյանն իրենց խաբել է՝ ասելով, որ քննարկում կանցկացնեն, ինչպես նաև մոնիթորինգ կանեն ապօրինի հորերը բացահայտելու համար։
«Մարդիկ կան, որ ինքնահոս չի գալիս ջուրը, պոմպերից են օգտվում, թող փակեն և այդ մարդիկ իզուր հոսանք չեն ծախսի։ Բայց բոլորի հետ նույն կերպ մի վարվեք։ Վարկերի տակ ենք, չենք կարողանում, գնալով հետ ենք գնում, խեղդված վիճակում ենք: Ջերմոցներ ունենք, էդ փողերն էլ բերում, դնում ենք այդտեղ, չենք կարողանում կերակրենք ձուկը: Հիմա մենք հոժարակամ ասում ենք՝ եկեք մեր ձկնաբուծարանը վերցրեք, արեք ձեր առաջարկածը, բայց իրենք անհնարին բան են առաջարկում: Դա չլինող բան է»,- ասել էր ձկնաբույծներից մեկը։
Հիշեցնենք, որ ջրային ռեսուրսների վատնումը նվազեցնելու նպատակով ԱԺ-ում նոյեմբերի 22-ին երկրորդ և վերջնական ընթերցմամբ ընդունվել է ջրային օրենսգրքում փոփոխությունների նախագիծը, ըստ որի՝ Հայաստանի ձկնաբուծական տնտեսությունները, որոնք ջուր են ստանում ստորգետնյա հորատանցքերից, պետք է օգտագործեն միայն ջրի շրջանառության խնայող փակ համակարգեր։ Շրջակա միջավայրի նախարար Հակոբ Սիմիդյանը հայտարարել էր, որ նման համակարգերը պետք է թույլ տան վերաօգտագործել ջրի առնվազն 40 տոկոսը:
Մինչդեռ ձկնաբույծները պնդում են, որ սա խնդիրներ է առաջացնելու իրենց համար, որ սրան հետևելու է տնտեսություններում առկա ջրերի 40 տոկոս կրճատում:
Իսկ Նիկոլ Փաշինյանն իր հերթին նշել էր, որ ձկնաբույծների նկատմամբ խսիտ են լինու, իսկ օրենքը չկիրառողները փակվելու են։
«Ոչ ոք չի հաշվում՝ բա պետությունն ինչքա՞ն կորցրեց, այ դա է ջրի նկատմամբ վերաբերմունքը․ որ ջուրը մտավ լողավազան դարձավ ձուկ և գնաց կորավ։ Տասնյակ տարիներ, միլիարդներ են պետք այդ ջրային ռեսուրսները վերականգնելու համար։ Ես հստակ ասել եմ՝ այդ որոշումը չի փոխվելու, պետք է առանձնացնենք ձկնաբուծությո՞ւն է, թե՞ ջրերի վատնում։ Փակվելու են, թո՛ղ փակվեն, նախարարին ասել եմ, որ ասի ձկնաբույծներին, որ որոշումը չի փոխվելու։ Ոչ ոք իրենց իրավունք չի տվել պետական ռեսուրսն օգտագործել՝ կասկածելի որակի ապրանք շուկա նետելու համար»,- արձանագրել էր Փաշինյանը։










