Հունաստանի ԱԳ նախարարը մտադիր է այցելել Հայաստան (տեսանյութ)

14:57 • 11.12.23
Հունաստանի արտաքին գործերի նախարար Գիորգոս Գերապետիտիսը մտադիր է մոտ ապագայում Հայաստան այցելել։ Այս մասին նա հայտարարել է Եվրամիության արտաքին հարաբերությունների խորհրդի ձևաչափով հանդիպումից առաջ։
 
«Հունաստանը ողջունում է Հարավային Կովկասում ներկայում ընթացող խաղաղ գործընթացը։
 
Հունական պետության ջանքերի շնորհիվ Հայաստանն այսօր հրավիրված է Արտաքին գործերի խորհուրդ՝ ներկայացնելու ավելի լայն տարածաշրջանում կայուն խաղաղությանը միտված դիրքորոշումները։ Ես անձամբ երկար զրուցել եմ Հայաստանի արտաքին գործերի նախարարի հետ և մտադիր եմ մոտ ապագայում այցելել Հայաստան, ինչպես նաև այսօր հնարավորություն կունենամ տեսնելու երկու երկրների՝ և՛ Հայաստանի, և՛ Ադրբեջանի արտաքին գործերի նախարարներին»,– նշել է Հունաստանի ԱԳ նախարարը։
 
Նա ընդգծել է, որ ծանր ու կարևոր օրակարգով են եկել խորհուրդ։
 
 
«Հունաստանը կարևոր միջազգային կշիռ է ձեռք բերել, որը կիրառում է միջազգային հարթակներում: Մեր երկիրը վստահելի գործընկեր է բոլոր միջազգային և տարածաշրջանային խաղացողների համար։ Շնորհիվ դրա, մենք խոհեմությամբ և ինքնավստահությամբ բարեկամության կամուրջներ ենք կառուցում մեր ավելի լայն տարածաշրջանում՝ միտված ներկային և ապագային»,– նշել է Գերապետիտիսը։
 
Ըստ հույն դիվանագետի` հուսադրող չեն նաև մյուս` տարածաշրջանային և միջազգային ճակատներում, մասնավորապես՝ Ուկրաինայում, Մերձավոր Արևելքում և Ենթասահարյան Աֆրիկայում, ու կայուն խաղաղության համար ավելի շատ պետք է ջանքեր գործադրվեն։