ՄԱԿ-ը 2023 թվականին համաշխարհային առևտրի 5 % կրճատում է կանխատեսում
Միավորված ազգերի կազմակերպության Առևտրի և զարգացման խորհրդաժողովի (UNCTAD) զեկույցի համաձայն՝ համաշխարհային առևտրի ծավալը 2023 թվականին 2022 թվականի համեմատությամբ կկրճատվի 5 %-ով՝ մինչև 30,7 տրլն դոլար։ Այդ մասին «Արմենպրես»-ը տեղեկանում է ՏԱՍՍ գործակալությունից:
Առևտրի ոլորտում 2024 թվականի հեռանկարները գնահատվում են որպես «անորոշ»՝ հոռետեսական կանխատեսմամբ։
Նշվում է, որ «2022 թվականի կեսերից համաշխարհային առևտրում դիտվում է բացասական աճ՝ գլխավորապես ապրանքների առևտրի էական նվազման պատճառով, որը շարունակել է կրճատվել 2023 թվականի առաջին երեք եռամսյակներում»։
UNCTAD-ի կանխատեսման համաձայն՝ «2023 թվականին համաշխարհային առևտրի ծավալը կկազմի մոտավորապես 30,7 տրիլիոն դոլար, ինչն իրենից ներկայացնում է մոտավորապես 1,5 տրիլիոն դոլարով կամ 5 %-ով կրճատում 2022 թվականի ռեկորդային առավելագույնի համեմատությամբ»:
Մանրամասները՝ սկզբնաղբյուրում:










