Բայդենը Սպիտակ տանը մասնակցել է Հանուկայի տոնակատարությանն ու հիշեցրել, որ «սիոնիստ է»
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենն ընդունելություն է կազմակերպել Սպիտակ տանը՝ նշելով հրեական Հանուկա տոնը: Ելույթ ունենալով ընդունելության ժամանակ՝ նախագահը շարունակել է դատապարտել հակասեմականության աճն ԱՄՆ-ում և արտերկրում՝ Իսրայել-ՀԱՄԱՍ պատերազմի ֆոնին: Այս մասին գրում է Times of Israel-ը:
Բայդենն ընդգծել է, որ ԱՄՆ-ն «կշարունակի ռազմական օգնություն տրամադրել Իսրայելին, քանի դեռ նա չի ազատվել ՀԱՄԱՍ-ից»:
«Բայց մենք պետք է զգույշ լինենք, նրանք պետք է զգույշ լինեն: Ամբողջ աշխարհի հասարակական կարծիքը կարող է մեկ գիշերվա ընթացքում փոխվել, մենք չենք կարող թույլ տալ, որ դա տեղի ունենա: Ինչպես ասացի հոկտեմբերի 7-ի հարձակումից հետո, իմ հանձնառությունը հրեա ժողովրդի անվտանգությանը և Իսրայելի անվտանգությանը, նրա՝ որպես անկախ հրեական պետություն գոյության իրավունքին, անսասան է: Եթե չլինի Իսրայելը, աշխարհում չի լինի մի հրեա, որն ապահով կլինի», - ասել է ԱՄՆ նախագահը բուռն ծափահարությունների ներքո:
«Ես խնդիրների և քննադատության բախվեցի, երբ մի քանի տարի առաջ հայտարարեցի, որ սիոնիստ լինելու համար պարտադիր չէ հրեա լինել, իսկ ես սիոնիստ եմ»,- հավելել է Բայդենը:
Միջոցառմանը ներկա է եղել մոտ 800 հյուր, այդ թվում՝ Հոլոքոստը վերապրածներ, Կոնգրեսի անդամներ, պետական և տեղական պաշտոնյաներ, հրեական կրոնական ուղղությունների առաջնորդներ:










