ՀԱՄԱՍ-ի զինյալները զանգվածաբար հանձնվում են. Իսրայելի պաշտպանության նախարար
Իսրայելի պաշտպանության նախարար Յոավ Գալանտը հայտարարել է ՀԱՄԱՍ խմբավորման զինյալների զանգվածային հանձնման մասին այն ֆոնին, երբ իսրայելական բանակը մաքրում է Գազայի հատվածի՝ զինյալների կողմից վերահսկվող տարածքները, գրում է ՏԱՍՍ-ը:
«ՀԱՄԱՍ-ի զինյալները զանգվածաբար հանձնվում են, ներառյալ նրանք, ովքեր մասնակցել են հոկտեմբերի 7-ի հարձակումներին, մինչդեռ իսրայելական ուժերը սեղմում են օղակը Գազայի հատվածում՝ Ջաբալիայում և Շեջայայում, իսլամիստների վերջին հենակետերըի շուրջ»,-նախարարի խոսքերն է մեջբերում Yedioth Ahronoth լրատվականը:
«Արմատականները մոտ են ձախողմանը։ Հանձնվողների թիվը շատ խոսուն է իրավիճակի մասին։ Դուրս գալով բունկերից՝ նրանք խոստովանում են, որ զենքի և սննդի պակաս ունեն», - ասել է Գալանտը։
Ավելի վաղ ռազմական գերատեսչության ղեկավարը հայտնել էր, որ իսրայելցի զինվորականները Գազայի հատվածում գործողության ընթացքում սպանել են ՀԱՄԱՍ-ի հետ կապված զինված կազմավորումների «հազարավոր զինյալների և հարյուրավոր հրամանատարների»։ Նաև, ըստ Գալանտի, Գազայի հատվածում ոչնչացվել են ՀԱՄԱՍ-ի բազմաթիվ ենթակառուցվածքներ՝ «թունելներ, ռազմական ենթակառուցվածքներ, զինամթերքի պահեստներ»: Բացի այդ, զինվորականները հարյուրավոր համակարգիչներ են ձեռք բերել, որոնցից հետախուզական տվյալներ են հանել, հավելել է նա:










