Պետպատվերով բուժման հերթերի տևողությունը միջինում չի գերազանցել 30 օրը․ Առողջապահության նախարարությունը՝ ահազանգի մասին
Օրեր առաջ Tert.am-ը հրապարակել էր «Առողջության իրավունք» ՀԿ համահիմնադիր Անուշ Պողոսյանի ֆեյսբուքյան գրառումը, որում նա առողջապահության ոլորտի մի շարք խնդիրներ էր թվարկել՝ իրավիճակը որակելով ամենաթողություն։
Առողջապահության փորձագետ Անուշ Պողոսյանը մասնավորապես գրել էր, որ պետպատվերի բացակայության մասին բազմաթիվ բողոքներ է ստացել ինչպես առանձին քաղաքացիներից, այնպես էլ պետական պատվեր իրականացնող բժշկական հիմնարկներից։ Իսկ, ըստ նրա, կազմակերպությունները՝ ՊԱԳ-ը պետական պատվերի դեպքերը չի ընդունում, պայմանագրային գումարները կրճատում է, և ստիպված պետական պատվերի շահառուները բուժօգնություն են ստանում իրենց գրպանից վճարելով:
Tert.am-ը հետամուտ է եղել առողջապահության ոլորտի փորձագետի բարձրացրած խնդիրներին և այդ խնդիրների վերաբերյալ գրավոր հարցում է ուղարկել Առողջապահության նախարարություն։
Նախարարությունից պարզաբանել են, որ Կառավարության կողմից սահմանված կարգով պետական պատվերի շրջանակներում բժշկական օգնությունը և սպասարկումը տրամադրվում է հերթագրման սկզբունքով՝ բացառությամբ անհետաձգելի բժշկական օգնության և սպասարկման, ազգաբնակչության խմբերի կամ ծառայությունների, որոնց բուժօգնությունը տրամադրվում է առանց հերթագրման։
Ինչ վերաբերում է պայմանագրային գումարների ավարտին, ապա ԱՆ-ից տեղեկացնում են, որ այս տարվա ընթացքում իրականացված միջոցառումների արդյունքում (ավտոմատ հերթագրման համակարգ, առաջնային օղակի արդյունավետության բարձրացում, այդ թվում՝ բոնուսային վարձատրման մեխանիզմի շուրջ 7 անգամ և այլն), ըստ ծրագրերի հերթերի տևողությունը միջինում չի գերազանգել 30 օրը։
«Պետական առողջապահական գործակալության՝ ՊԱԳ-ի կողմից դեպքերի մի մասը փոխհատուցվում է դեպքերի անհատական վարման մեխանիզմով։ ՊԱԳ-ի կողմից հայցերը դիտարկվում են շահառուների հիվանդանոցից դուրս գրվելուց հետո միայն։ Հայցերը մերժվում կամ հաստատվում են Առողջապահության նախարարի ընթացիկ տարվա հուլիսի 28-ի հրամանով սահմանված հիմքերի առկայության դեպքում»,- նշված է ԱՆ-ի պատասխանում։










