Միանշանակ դրական քայլ է, պետք է վստահության կամուրջներ կառուցել․ Էդմոն Մարուքյան՝ ՀՀ-ի և Ադրբեջանի միջև զինծառայողների փոխանակման մասին

23:59 • 13.12.23

Հայաստանի ու Ադրբեջանի միջև գերիների փոխանակումը, միանշանակ, դրական քայլ է։ Այս մասին այսօր Հանրային հեռուստաընկերության եթերում Պետրոս Ղազարյանի հետ հարցազրույցի ժամանակ ասել է հատուկ հանձնարարություններով դեսպան Էդմոն Մարուքյանը։

«Այն հնարավորություն է տալիս կողմերի միջև չեղած վստահության ինչ-որ հատված կառուցել, որովհետև խաղաղության հասնելու համար մեզ պետք է վստահության կամուրջներ կառուցել, ոչ թե պատեր կառուցել կամ անվստահության նոր հնարավորություններ ձևավորել», - նշեց դեսպանը։

Մարուքյանի խոսքով` կողմերը պետք է որոշ հարցերում փոքր քայլերով սկսեն վստահել միմյանց, որպեսզի հնարավոր լինի վերջնական խաղաղության հանգել։

«32 հայ ռազմագերիների վերադարձի այս հանգամանքը շատ կարևոր և հիմնարար քայլ է մեզ համար», - հավելել է նա։

Հիշեցնենք, որ դեկտեմբերի 7-ին ՀՀ վարչապետի աշխատակազմն ու Ադրբեջանի նախագահի վարչակազմը համատեղ հայտարարություն էին տարածել, որում ասվում էր, որ Ադրբեջանն ազատ է արձակում 32 հայ զինծառայողի, Հայաստանն էլ իր հերթին ազատ է արձակում դատապարտված 2 ադրբեջանցի զինծառայողի։

Ռազմագերիների փոխանակումը տեղի է ունեցել այսօր՝ դեկտեմբերի 13-ին, Ղազախ–Իջևան սահմանին։ Նրանք արդեն Հայաստանում են և քիչ առաջ բուժզննում են անցել «Մուրացանի» կենտրոնական հոսպիտալում։