Իսրայելցի զինվորականները սկսել են ծովի ջրով հեղեղել Գազայում ՀԱՄԱՍ-ի ստորգետնյա թունելները. Wall Street Journal
Իսրայելի պաշտպանության բանակը (ՑԱԽԱԼ) սկսել է ծովի ջրով հեղեղել Գազայի հատվածում պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման ստորգետնյա թունելները։ Այս մասին գրում է Wall Street Journal-ը՝ վկայակոչելով ամերիկացի պաշտոնյաներին։
«Թունելները Միջերկրական ծովի ջրով ողողելու փորձերը վաղ փուլում են»,- ասված է հրապարակման մեջ։
Ամերիկացի պաշտոնյաների կարծիքով՝ թունելների ամբողջական հեղեղման համար կարող է մի քանի շաբաթ պահանջվել։ Ինչպես նշված է հրապարակման մեջ, նոյեմբերին Իսրայելն այդ նպատակով հինգ պոմպ է տեղադրել, որից հետո դրանց է ավելացրել ևս երկուսն ու մի քանի փորձարկում իրականացրել։
Միևնույն ժամանակ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի վարչակազմի որոշ պաշտոնյաներ մտահոգություն են հայտնել, որ ծովի ջրի օգտագործումը կարող է անարդյունավետ լինել ու ազդել Գազայում քաղցրահամ ջրի պաշարների վրա։ Ընդ որում՝ մի շարք պաշտոնյաներ էլ կարծում են, որ այս միջոցը կարող է օգնել ոչնչացնել թունելային համակարգի մի մասը։










