Ահարոն Բարսեղյանը Պետական առողջապահական գործակալության պետ նշանակվելուց սկսած չի զբաղվել որևէ ձեռնարկատիրական գործունեությամբ․ ԱՆ
Օրերս Tert.am-ը հրապարակել էր «Առողջության իրավունք» ՀԿ համահիմնադիր Անուշ Պողոսյանի ֆեյսբուքյան գրառումը, որում նա ներկայացրել էր առողջապահության ոլորտում իր կատարած բացահայտումները։
Առողջապահության ոլորտի փորձագետը մասնավորապես գրել էր, որ «Ուրգմոր Գրուփ» ՓԲԸ-ին անհասկանալի ձևով տարեսկզբին տրվել է 600 մլն. դրամ ֆինանսավորում, ապա ևս շուրջ 70 մլն դրամ գումար են ավելացրել։
Ըստ նրա՝ ստեղծվել է հիանալի բիզնես միջավայր «Ուիգմոր»-ի համար՝ մասնավոր բիզնեսում ներդրած գումարների «ապահովագրում» պետական պատվերի գումարներով՝ առանց պետության նկատմամաբ որևէ սոցիալական կամ այլ պարտավորությունների:
«Առողջության իրավունք» ՀԿ-ի ղեկավարը միևնույն ժամանակ հիշեցրել է, որ Ահարոն Բարսեղյանն «Ուրգմոր»-ի ֆինանսկան պատասխանատուն է եղել մինչև Պետական առողջապահական գործակալության՝ ՊԱԳ-ի պետ նշանակվելը և հիմա էլ «սերը» դեպի այդ կազմակերպություն չի մարել:
«Սա դեռ ամենը չէ, պարզվում է՝ «սերը» պատահական և անհիմն չէ․այսպես՝ «Էյչ էֆ Էմ» ՍՊԸ-ն, որի տնօրեն, ըստ իրավաբանական անձանց պետական ռեգիստրի, հանդիսանում է Ահարոն Բարսեղյանը, իսկ ՍՊԸ-ի հիմնադիրներն են՝ Արսեն Դավթյան, ով պետական պատվերի ոլորտում կաշառակերության համար գտնվում է քրեակատարողական հիմնարկում (գործ ԵԴ/0858/01/19), Զավեն Քոլոյան,ով «Ուիգմորներ»-ի տնօրենն է և Ահարոն Բարսեղյանը՝ ՊԱԳ-ի պետը «Էյչ էֆ Էմ» ՍՊԸ-ն 2020 թվականից ֆինանսական խորհրդատվութուն է մատուցում «Ուիգմոր Քլինիկ»-ին և «Ուիգմոր Գրուփ»-ին, և, ըստ օդում կախված լուրերի, շուրջ 200.000 դոլար այդ կազմակերպությունների կողմից փոխանցվել է «Էյչ էֆ Էմ» ՍՊԸ-ին, ավելին՝ 2022 թվականի հունիսից, երբ Ահարոն Բարսեղյանը նշանակվել է ՊԱԳ-ի պետ, Ուիգմորները նրա ղեկավարած ՍՊԸ-ին փոխանցել է շուրջ 100.000 դոլար:
Ըստ շրջանառվող լուրերի, «Էյչ էֆ Էմ» Սպը-ում որպես աշխատող գրանցված է միայն Ահարոն Բարսեղյանի տիկինը և միայնակ կատարում է նման «թանգ և արժեքավոր ֆինանսական խորհրդատվություն», զավեշտ»,- ներկայացրել է Անուշ Պողոսյանը։
Բարձրացրած հարցին հետամուտ լինելով՝ Tert.am-ը գրավոր հարցում է ուղարկել Առողջապահության նախարարություն՝ պարզելու, թե բարձրագույն պաշտոն զբաղեցնող Ահարոն Բարսեղյանը ինչպե՞ս է զբաղվում ձեռնարկատիրական գործունեությամբ՝ ֆինանսական խորհրդատվության ծառայություն մատուցում «Ուիգմորներ»-ին, եթե Հանրային ծառայության մասին օրենքով քաղաքացիական ծառայողը այլ վճարովի աշխատանք չի կարող կատարել:
Մեր հարցին ի պատասխան ԱՆ-ից տեղեկացրել են, որ Ահարոն Բարսեղյանը ՊԱԳ-ի պետ է նշանակվել 2022 թվականի հունիսի 17-ին և այդ օրվանից սկսած չի զբաղվել որևէ ձեռնարկատիրական գործունեությամբ։










