Հայրենիք վերադարձած տղաներն արդեն ճանապարհին են, տուն են գնում․ Ռուստամ Բաքոյան

00:11 • 14.12.23

ՀՀ կառավարության ջանքերով հայրենիք վերադարձած տղաներն արդեն ճանապարհին են, տուն են գնում։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության պատգամավոր Ռուստամ Բաքոյանը:

«Գործընկերներիս՝ Դավիթ Առուշանյանի և Կարեն Սարուխանյանի հետ «Մուրացան» զինվորական հոսպիտալում հանդիպեցի տղերքին, որոնք այստեղ ենթարկվել են մանրամասն բուժզննման և ստացել անհրաժեշտ բժշկական օգնություն:

Նրանց հետ ամեն ինչ կարգին է:

Հանդիպել եմ նաև նրանց ընտանիքների անդամներին, որոնց հետ գտնվելու եմ կապի մեջ՝ և՛ նրանց, և՛ գերությունից վերադարձած մեր տղաներին հնարավորինս աջակցելու նպատակով:

Համոզված եմ, որ ՀՀ կառավարությունն անելու է ամեն ինչ՝ Բաքվի բանտերում պահվող մեր բոլոր հայրենակիցների շուտափույթ վերադարձն ապահովելու նպատակով»,-գրել է նա:

Հիշեցնենք, որ դեկտեմբերի 7-ին ՀՀ վարչապետի աշխատակազմն ու Ադրբեջանի նախագահի վարչակազմը համատեղ հայտարարություն էին տարածել, որում ասվում էր, որ Ադրբեջանն ազատ է արձակում 32 հայ զինծառայողի, Հայաստանն էլ իր հերթին ազատ է արձակում դատապարտված 2 ադրբեջանցի զինծառայողի։

Ռազմագերիների փոխանակումը տեղի է ունեցել դեկտեմբերի 13-ին Ղազախ–Իջևան սահմանին։ Հայրենիք վերադառնալուց հետո նրանք տեղափոխվել են «Մուրացանի» կենտրոնական հոսպիտալ և բուժզննում անցել։