Արքայազն Հարրին շահել է Mirror Group-ի դեմ դատն իր հեռախոսի գաղտնալսման գործով
Լոնդոնի Գերագույն դատարանը որոշել է, որ Բրիտանիայի արքայազն Հարրիի հեռախոսը ենթարկվել է գաղտնալսման Mirror թերթերի խմբի կողմից, որը հրապարակում է Daily Mirror-ը, Sunday Mirror-ը և Sunday People-ը։
Ինչպես գրում է BBC-ն, դատարանը բավարարել է արքայազնի 33 հայցից 15-ը։ Նրան պետք է փոխհատուցում վճարվի 140,600 ֆունտ ստեռլինգի (մոտ 180,000 դոլար) չափով։
Ըստ հրապարակման՝ արքայազն Հարրիի հեռախոսը գաղտնալսվել է Mirror թերթերի խմբի կողմից 2006-ից մինչև 2011 թվականը։ Դատավորի որոշման համաձայն՝ անգլիացի հայտնի լրագրող Փիրս Մորգանը տեղյակ է եղել արքայազն Հարրիի հեռախոսի գաղտնալսման մասին, երբ աշխատում էր որպես խմբագիր Daily Mirror-ում։
Արքայազն Հարրին իր փաստաբանի միջոցով ասել է․ «Այսօր հրաշալի օր է ճշմարտության, ինչպես նաև պատասխանատվության ենթարկվելու համար»։
Mirror թերթերի խումբը հայտարարություն է տարածել՝ ներողություն խնդրելով «տեղի ունեցած պատմական սխալ արարքի» համար։
Նշենք, որ Հարին դարձել է թագավորական ընտանիքի առաջին բարձրաստիճան անդամը, որը խախտել է թագավորական ընտանիքի 132-ամյա ավանդույթն ու ցուցմունք տվել դատարանում։
Հիշեցնենք՝ արքայազն Հարրին և ևս երեք հոգի դատի են տվել Mirror խմբին՝ պնդելով, որ Daily Mirror, Sunday Mirror և The People պարբերականները գաղտնալսել են իրենց հեռախոսները և այլ անօրինական գործունեություն են իրականացրել, ինչը պատասխանող կողմը հերքում է:
Ըստ արքայազն Հարրիի հայցի՝ 1996-2010 թվականներին Daily Mirror-ն իր մասին հրապարակել է ավելի քան 140 հոդված, որի համար տեղեկությունները հավաքվել են անօրինական մեթոդներով։ Նա նաև կարծում է, որ իր անձնական կյանքի մասին հրապարակումները դեպրեսիա և պարանոյա են առաջացրել իր մոտ։










