Շոլցն Օրբանին առաջարկել է սենյակից դուրս գալ ու գնալ սուրճ խմելու, մինչ ԵՄ ղեկավարները կքննարկեն Ուկրաինայի հարցը. Politico

17:05 • 15.12.23

ԵՄ առաջնորդների` Ուկրաինայի՝ դաշինքին միանալու հարցով քննարկումների ժամանակ Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանին առաջարկել է դուրս գալ սենյակից՝ սուրճ խմելու: Այս մասին գրում է politico.eu-ն:

Շոլցն ասել է, որ եթե Օրբանն իսկապես պատրաստ չէ համաձայնել Կիևի անդամակցության շուրջ բանակցություններին, ապա պետք է մտածի սենյակից կարճ ժամանակով հեռանալու մասին: Այն բանից հետո, երբ երկուսը խոսել են, Օրբանը լքել է սենյակը: Շոլցի պահվածքը, որը Politico-ին նկարագրել են իրադարձությունների մասին տեղյակ երեք պաշտոնյա, մտահոգություն է առաջացրել Բրյուսելում:

Ինչպես նշում է թերթը, խիստ անսովոր է այն միտքը, որ ԵՄ երկրներից մեկի ղեկավարը պետք է լքի սենյակը, որպեսզի մյուսները պայմանավորվածության գան։

Նախօրեին ԵՄ երկրների ղեկավարները որոշել էին բանակցություններ սկսել Ուկրաինայի և Մոլդովայի անդամակցության շուրջ, ինչպես նաև Վրաստանին տվել են թեկնածու երկրի կարգավիճակ։ Բրյուսելի աղբյուրը հայտնել է, որ Հունգարիայի առաջնորդը «ժամանակավորապես լքել է դահլիճը, որտեղ տեղի է ունեցել քվեարկությունը»։

Ինքը՝ Օրբանը, ավելի ուշ ասել է, որ Հունգարիան չի փոխել իր դիրքորոշումը և չի կիսի «այս վատ որոշումը» այլ երկրների հետ։