Ալբերտ Բազեյանին պատժում են, ապացույցներ չկան, նրա առողջական վիճակը օր օրի վատանում է․ Վարդան Խաչատրյան (տեսանյութ)
Խիստ տարօրինակ է, որ Երևանի նախկին քաղաքապետ, ԵԿՄ նախկին փոխնախագահ Ալբերտ Բազեյանին նման խիստ ծանր մեղադրանք են առաջադրել։
Այս մասին հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ ասաց «Հայոց Աշխարհազոր» ռազմաքաղաքական ՀԿ քարտուղար Վարդան Խաչատրյանը։
Նա նաև հայտնեց, որ բանտում Բազեյանի առողջական վիճակը գնալով վատանում է։
«Ալբերտ Բազեյանի գործն անհասկանալի, ապօրինությունների դաշտում է գտնվում։ Եթե սա սարքովի գործ է, ինչը հենց այդպես է, ուրեմն, իշխանություններն ունեն ինչ- որ մտահոգություններ կապված այն բանի հետ, որ Ալբերտ Բազեյանը կարող է լինել այնպիսի առանցքային կերպար, որի շուրջը կարող է համախմբվել հասարակական այնպիսի զանգված, որը վիճարկի երկրում գոյություն ունեցող ընթացքը»,- ընդգծեց Խաչատրյանը՝ հավելելով, որ Բազեյանին պատժում են, բայց ապացույցներ չկան։
Հիշեցնենք, որ Երևանի նախկին քաղաքապետ Ալբերտ Բազեյանին Ազգային անվտանգության ծառայությունը մեղադրում է վարչապետ Փաշինյանի դեմ մահափորձ ծրագրելու, նաև իշխանության զավթումը կազմակերպելու համար։ Վերագրվող արարքները, սակայն, ըստ իրավապաների, Բազեյանը ավարտին չի հասցրել անկախ իր կամքից։










