Դիվանագիտության դերը՝ որպես անվտանգության ապահովման կոմպոնենտ, ավելի է մեծանում և այս կիրառական գործառույթի վրա պետք է ավելի մեծ ուշադրություն դարձնենք. Նիկոլ Փաշինյան
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը մասնակցել է Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների առթիվ Արտաքին գործերի նախարարությունում կազմակերպված ընդունելությանը: Վարչապետը շնորհավորել և բարեմաղթանքներ է հղել ԱԳՆ կենտրոնական ապարատի և արտերկրում Հայաստանի դիվանագիտական ներկայացուցչությունների բոլոր աշխատակիցներին, մեր երկրում հավատարմագրված օտարերկրյա դիվանագետներին գալիք տոների առիթով:
Իր ելույթում վարչապետ Փաշինյանը, մասնավորապես, նշել է.
«Հայաստանում հավատարմագրված օտարերկրյա հարգարժան դիվանագետներ,
Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության հարգելի աշխատակիցներ,
Հարգելի ներկաներ,
Նախ ուզում եմ շնորհակալություն հայտնել Հայաստանի Հանրապետության դիվանագիտական ծառայության գործընկերներին, աշխատակիցներին այս տարի կատարած աշխատանքների համար և ընդգծել, որ արտաքին քաղաքականության ոլորտում Հայաստանի կառավարության ուղեգծերից մեկը շարունակում է լինել դիվանագիտական ծառայության ուժեղացումը: Սա արձանագրել ենք մի քանի անգամ, երբեմն մենք դիվանագիտական ծառայության առաջ դնում ենք խնդիրներ լուծման համար, սակայն հաջորդ պահին արձանագրում ենք, որ այնուամենայիվ, նախընթաց շրջանում գոնե հասու բոլոր միջոցները չենք ներդրել, որպեսզի դիվանագիտական ծառայությունն այդ խնդիրները լուծելու գործիքներին և լծակներին լիարժեք տիրապետի:
Եվ ուրախ եմ արձանագրել, որ վերջին տարիներին որոշ ուղղություններով շոշափելի փոփոխություններ ենք արել մեր դիվանագիտական ծառայության կարողություններն ուժեղացնելու համար, միջազգային հարթակներում և այլ երկրներում մեր դիվանագետների աշխատանքի պայմանների լավացման ուղղությամբ շարունակաբար աշխատանքներ ենք իրականացնում: Իհարկե, սա մի ուղեգիծ է, որը կշարունակեք, միևնույն ժամանակ ընդգծելով, որ այդ միջոցները և ներդրումները, որոնք արվում են, իհարկե, կապված են Հայաստանի տնտեսական և բյուջետային հնարավորությունների հետ»:
Նիկոլ Փաշինյանն ընդգծել է, որ այդ թվում՝ արտաքին քաղաքական որոշումները պետք է սերտորեն փոխկապակցված լինեն Հայաստանի Հանրապետության տնտեսական զարգացման շահերի հետ, և ակնհայտորեն այդ որոշումները պետք է բխեն Հայաստանի պետական շահերից:
«Առիթ ունեցել եմ ասելու՝ մեր արձանագրումն այն է, որ Հայաստանի Հանրապետության պետական շահ ասվածը շատ դեպքերում և մեծամասամբ համընկնում է Հայաստանի տնտեսական զարգացման և ընդհանարապես՝ զարգացման օրակարգի հետ: Սա կարծում եմ՝ այն նրբերանգային փոփոխությունն է, որ ընթացիկ տարում կամ գուցե դրանից էլ առաջ ավելի շատ է ընդգծվում մեր արտաքին քաղաքական որոշումները կայացնելիս և արտաքին քաղաքականության ռազմավարությունները մշակելիս:
Իհարկե, ակնհայտ է, որ ինչպես աշխարհի շատ երկրներ, այնպես էլ Հայաստանի Հանրապետությունը, ըստ էության, գտնվում է մի խաչմերուկին հանդիման, որովհետև աշխարհակարգը, ինչպես առիթ ունեցել եմ ասելու, եթե շատ մեղմ տերմիններով ձևակերպենք, խորքային վերափոխումների փուլում է, և այդ խորքային վերափոխումները, բնականաբար, իրենց ազդեցությունն են ունենում միջազգային հարաբերությունների և քաղաքականության խորքային ընկալումների վրա: Կարծում եմ՝ երկրների մեծ մասում այս գործընթացը տեղի է ունենում և բնականաբար, այս գործընթացը չի կարևող շրջանցել նաև Հայաստանի Հանրապետությունը»,- ասել է վարչապետը:
Նիկոլ Փաշինյանը նշել է, որ դեռ 2021 թվականին գործադիրը որդեգրել է մի ուղեգիծ և Կառավարության 2021-2026 թվականների գործունեության ծրագրում արձանագրվել է՝ տարածաշրջանային քաղաքականության հատուկ կարևորությունը մեր երկրի համար: «Որովհետև մենք ելնում ենք այն իրողությունից, որ արտաքին աշխարհի հետ առնչվում ենք, բառիս բուն և փոխաբերական իմաստով, մեր տարածաշրջանային հարաբերությունների միջոցով, և իհարկե, տարածաշրջանային հարաբերությունների բարելավումը և կարգավորումը մեր առաջնահերթությունների շարքում է:
Ինչպես մնացած բոլոր դեպքերում, այստեղ գործողությունների տրամաբանությունը և որոշումների կայացումը միակողմանի չէ, և բոլոր դեպքերում մեր ձգտումն է՝ ունենալ բնականոն, հավասարակշռված հարաբերություններ, որտեղ երկրների շահերը և հետաքրքրությունները փոխադարձաբար հաշվի են առնված: Այս առումով, կարծում եմ, որ 2023 թվականին մենք շատ ակտիվ համագործակցություն ենք ունեցել նաև Հայաստանում հավատարմագրված օտարերկրյա դեսպանների հետ: Եվ քանի որ նրանցից շատերը, եթե ոչ բոլորը, ներկա են այստեղ, ուզում եմ նաև նրանց շնորհակալություն հայտնել այս ընթացքում արդյունավետ համագործակցության համար:
Կարծում եմ, որ 2023 թվականի ընթացքում շատ ակտիվ շփումների միջոցով փորձել ենք մեր մոտեցումները, դիրքորոշումների նրբությունները ներկայացնել նրանց, որպեսզի նրանք իրենց հերթին զեկուցեն իրենց մայրաքաղաքներին, որպեսզի մենք մեր միջազգային գործընկերների համար լինենք ավելի հասկանալի մեր գործողություններում և մեր միջազգային գործընկերների գործողությունները և մոտեցումները մեզ համար փորձենք դարձնել ավելի հասկանալի»,- հավելել է վարչապետը:
«Եվս մեկ անգամ շնորհավորելով մեր բոլոր ներկաների և գործընկերների գալիք Նոր տարին՝ ուզում եմ կրկին շնորհակալություն հայտնել կատարված աշխատանքի համար, Հայաստանի դիվանագիտական ծառայության ներկայացուցիչներին, Հայաստանում հավատարմագրված օտարերկրյա դիվանագետներին և միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներին՝ համագործակցության համար:
Ուզում եմ ընդգծել, որ փոփոխվող աշխարհում դիվանագիտության դերը՝ որպես անվտանգության ապահովման կոմպոնենտ, գնալով ավելի է մեծանում և մենք այս կիրառական գործառույթի վրա պետք է ավելի ու ավելի մեծ ուշադրություն դարձնենք: Դիվանագիտական և արտաքին քաղաքական մեր օրակարգերը պետք է ձևավորվեն այնպես, որ մեր վարած քաղաքականությունները դառնան Հայաստանի Հանրապետության և տարածաշրջանի անվտանգությունն ապահովող գործոն:
Իհարկե, հասկանալի է, որ այս ոլորտներում իդեալական որոշումների և մոտեցումների հնարավորություն, ցավոք չկա, այլապես աշխարհն այսօր գոնե կգտնվեր բոլորովին այլ իրավիճակում: Բայց ուզում եմ Հայաստանի Հանրապետության դիվանագիտական ծառայության առաջ սա արձանագրել որպես խնդիր՝ 2024 թվականին իրագործելու համար: Իհարկե, 2023-ին մեր կատարած աշխատանքը դեռ առիթ կունենանք ամփոփելու Արտաքին գործերի նախարարության գործունեության 2023 թ. հաշվետվության քննարկման ընթացքում:
Իսկ այս պահին ուզում եմ մեզ բոլորիս մաղթել, որ 2024 թվականը լինի համագործակցության, խաղաղության ու կայունության տարի: Շնորհակալ ենք բոլոր նրանց, ովքեր պատրաստակամ են և իրականում աջակցում են այս նպատակի իրագործմանը»,- նշել է վարչապետ Փաշինյանը:










