«Հայ կամավորների միության-Armenian Volunteer Corps» ծրագրով Ֆրանսիայից Հայաստան ժամանած Էլենան հասցրել է հայկական գաթա պատրաստել, ծանոթանալ հայկական մշակույթին ու կենցաղին (տեսանյութ)
21-ամյա Էլենա Քոզը, ով Ֆրանսիայի Բրետան մարզից է, սեպտեմբերի կեսերին «Հայ կամավորների միության» ծրագրով ժամանել է Հայաստան և հյուրընկալվել հայ ընտանիքում։
Ապագա լրագրող Էլենան պատմում է, որ համալսարանական կուրսի շրջանակներում պետք է պրակտիկա անցներ որևէ երկրում։ Ընկերներից մեկը նրան պատմել է «Հայ կամավորների միության» անհատականացված ծրագրի մասին, որով հնարավորություն ուներ ընտրել, թե ինչով է ցանկանում զբաղվել այդ երկրում։ Երկար փնտրելուց և ուսումնասիրելուց հետո որոշում է կայացրել ժամանել Հայաստան, որտեղ մնալու է մինչև փետրվար։
«Հայ կամավորների միություն»-ը նրան ծանոթացրել է երեք կազմակերպությունների հետ, որոնց հետ այժմ աշխատում է Էլենան։ Նա մշակութային հոդվածներ է գրում «Le Courrier d'Erevan» առցանց թերթի համար, վերջերս էլ հասցրել է հոդված պատրաստել հայկական գորգերի մասին։ Մասիսի երիտասարդական կենտրոնում ֆրանսերեն եմ դասավանդում 8-ից 12 տարեկան երեխաներին, անգլերենից ֆրանսերեն թարգմանություններ անում Ecoparsec բնապահպանական կայքի համար, միաժամանակ հաճախում է գեղանկարչության դասերի և այլն։
Այդ ամենով հանդերձ Էլենան շարունակում է բացահայտել Հայաստանը, հայկական մշակույթն ու կենցաղը։ Հյուրընկալ ընտանիքը նրան արդեն ծանոթացրել է հայկական ուտեստների, կենցաղի հետ, ինչը մի փոքր անսովոր, բայց հետաքրքիր է Էլենայի համար։
Միևնույն ժամանակ նա ամեն շաբաթ էքսկուրսիաների է մասնակցում «Արմենիան Վոլունթեր Քոր» -ի հետ, եղել է Տավուշում, Լոռիում, Սյունիքում, զարմացել, թե որքան շատ են Հայաստանում վանքերն ու եկեղեցիները։
Էլենայի տեսախցիկը ֆիքսում է ամեն բան, հետո, երբ վերադառնա Ֆրանսիա ընկերների և ընտանիքի անդամների հետ այդ հիշողություններով կիսվելու համար։










