Գարդման-Շիրվան-Նախիջևան միության հայտարարությունը Ադրբեջանում նախագահական արտահերթ ընտրությունների վերաբերյալ
Գարդման-Շիրվան-Նախիջևան համահայկական միությունը հայտարարություն է տարածել Ադրբեջանում արտահերթ նախագահական ընտրությունների վերաբերյալ։
«Վերջերս հայտնի դարձավ, որ հաջորդ տարվա փետրվարին Ադրբեջանում կանցկացվեն արտահերթ նախագահական ընտրություններ։ Սպասվող ընտրությունները կարելի է վստահորեն համարել ոչ թե արտահերթ, այլ «զավեշտահերթ»՝ հաշվի առնելով, որ ներկայիս նախագահ Իլհամ Ալիևը, ով ուղիղ 20 տարի գտնվում է պետության ղեկին, առաջադրվել է նախագահի թեկնածուի պաշտոնում՝ ապացուցելով բռնատիրական ռեժիմի վերարտադրման և արտահանման մոտակա ծրագրերը։
Արտահերթ ընտրությունների անցկացումը հետապնդում է մի քանի նպատակ։ Առաջին հերթին նոր ընտրատեղամասեր են ստեղծվել Լեռնային Ղարաբաղի բռնագրավված տարածքներում։ Այս քայլով Ադրբեջանը փորձում է հավելյալ օրինակարգություն հաղորդել իր իշխանությանը և վերջնականապես ծածկել ընդամենը ամիսներ առաջ մարդկության դեմ կատարված հանցանքերը՝ այն է միտումնավոր հարուցված հումանիտար ծայրահեղ ճգնաժամի մեջ գտնվող ավելի քան 100 հազար բնիկ հայության էթնիկ զտումը և բռնի տեղահանումը այն տարածքից, որտեղ ավելի քան երեք տասնամյակ զարգացվել էին կառավարման ժողովրդավարական ինստիտուտներ, որտեղ ընտրությունների ժամանակ խրախուսվում և հարգվում էր բազմակարծությունը։
Սա բռնատիրության արտահանման խիստ վտանգավոր գործընթաց է, որը նախադեպային կարող է լինել տարածաշրջանային հետագա զարգացումների համար։ Ենթադրելի է, որ արտահերթ ընտրություններին կառաջադրվեն բազմաթիվ այլ թեկնածուներ, ովքեր ոչ այլ ինչ են, եթե ոչ գրպանային ընդդիմության ներկայացուցիչներ, որովհետև ադրբեջանական բանտերը լի են քաղբանտարկյալներով և այլախոհներով, շատերը պարզապես արտաքսված են երկրից կամ գտնվում են ընդհատակում։
Քաղաքական հետապնդումներն իրենց բնույթով և մեթոդներով քիչ են զիջում անցյալ դարի դասական բռնատիրական համակարգերին։
Մանրամասները՝ սկզբնաղբյուրում:










