ԱՄՆ-ն առաջիկա օրերին կհայտարարի Կիևին օգնության նոր փաթեթի տրամադրման մասին, որը կարող է վերջինը լինել․ Սպիտակ տուն

00:06 • 19.12.23

Միացյալ Նահանգները դեկտեմբերի վերջին կհայտարարի Ուկրաինայի համար նախատեսված ռազմական օգնության նոր փաթեթի մասին, որը վերջինը կլինի, քանի որ Կիևին աջակցելուն ուղղված ռեսուրսները սպառվում են։ Այս մասին, ինչպես գրում է ՌԻԱ Նովոստին, լրագրողների հետ առցանց ճեպազրույցում հայտարարել է Սպիտակ տան Ազգային անվտանգության խորհրդի խոսնակ Ջոն Քիրբին։

«Մենք դեռ ծրագրում ենք այս ամսվա վերջին Ուկրաինային օգնության մեկ փաթեթ տրամադրել», - ասել է ամերիկացի պաշտոնյան:

Սպիտակ տան ներկայացուցչի խոսքով՝ առանց ԱՄՆ Կոնգրեսի կողմից նոր միջոցներ հատկացնելու որոշման, Վաշինգտոնն այլևս հասանելի ռեսուրսներ չի ունենա Կիևին աջակցելու համար:

Նա նաև հավելել է, որ մնացած հասանելի միջոցներն ուղղվել են իրենց մատակարարումների պաշարները համալրելու համար։