Նորատուսի դեպքերին հստակ գնահատական տալու համար ուսումնասիրություններ ենք կատարում. ՄԻՊ (տեսանյութ)
Իմ հանձնարարականով ՄԻՊ ներկայացուցիչներն այցելել են ձերբակալված ձկնորսներին, և այդ հարցի հետ կապված արդեն ուսումնասիրություններ ենք սկսել։ Այս մասին կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում հայտնեց ՄԻՊ Անահիտ Մանասյանը։
«Բնական է, որ բոլոր ոլորտներում էլ պետությունը հստակ պարտավորություններ ունի, և կարևոր է հասկանալ, թե դրանց որ մասն է կատարվել և որը՝ չի կատարվում և երաշխավորել դրանց կատարումը։ Բայց դրա հետ կապված ուսումնասիրում ենք մյուս կտորը՝ իրավապահ մարմինների հետ կապված գործողությունները»,- մանրամասնեց նա՝ հավելելով, որ ամբողջական ուսումնասիրությունից հետո հանդես են գալու հստակ առաջարկներով, և եթե կարիք լինի, տարբեր պետական մարմինների հետ կապված հստակ գնահատականներով կհրապարակեն։
Հիշեցնենք, որ երեկ Նորատուս համայնքի ձնորսները բողոքի ակցիայի էին իրականացրել՝ պահանջելով չարգելել իրենց ձկնորսությամբ զբաղվել։
Նշենք, որ դեկտեմբերի 15-ից սիգի որսն արգելվել է, ձկնորսները դեմ են որոշմանը և շարունակում են որսը։
Հիշեցնենք նաև, որ ըստ ՔԿ-ի՝ Նորատուսի մոտ դիմակներով ձկնորսները լճի վրա ծեծել են պարեկներին, նրանց ուղղությամբ նետել բենզինով շշեր և փայտեր։
ՔԿ-ի հաղորդագրության համաձայն՝ Գեղարքունիքում ձկնորսների խուլիգանության, պաշտոնյաների պարտականություններին բռնության կիրառմամբ միջամտելու համար ձերբակալվել է 26 անձ։










