Բազմաթիվ սերիալների սցենարի հեղինակ Նարի Ղազարյանը՝ «ՀոկտեմբերՅան» ապրանքանիշի հիմնադիր
-Նարի՛ «Անուրջներ», «Անցյալի Ստվերներ», «Թաքնված Սեր», «Արդարության որս» և մի շարք հեռուստասերիալների սցենարի հեղինակն եք, շուրջ 14 տարի մեդիադաշտում: Ինչպե՞ս որոշեցիք զբաղվել բիզնես գործունեությամբ:
-Երկար տարիներ աշխատել եմ և շարունակում եմ գործել մեդիա հարթակում, մասնագիտության փոփոխություն ամենևին տեղի չի ունեցել: Ես մի քանի բարձրագույն կրթություն ունեմ և հասունացել էր պահը զբաղվել նաև իմ մյուս մասնագիտությամբ:

-Ինչպե՞ս ծնվեց «ՀոկտեմբերՅան» ապրանքանիշը:
- Արդեն մի քանի տարի է՝ ինչ զբաղվում եմ «ՀոկտեմբերՅան» ապրանքանիշի ստեղծմամբ: Ի սկզբանե նպատակ ունեի հայրենական արտադրությունում նոր որակ բերել: Այժմ <<ՀոկտեմբերՅան>> -ը ներկայանում է լաբորատոր հետազոտություններ անցած պղպեղային անանուխի թեյերով: Առաջիկայում բրենդը ներկայացնելու է նաև պղպեղային անանուխի հումքով այլ արտադրատեսակներ: Այդ մասին առայժմ չեմ խոսի, թող մնա անակնկալ:
-Ինչու՞ պղպեղային անանուխ:
-Պղպեղային անանուխը մշակովի բույս է: Այն Հայաստանի բուսաշխարհում չի հանդիպում: Մշակումն էլ առանձնապես տարածված չէ, բայց մեծ պահանջարկ ունի ամբողջ աշխարհում: Մենթոլի պարունակությունը պղպեղային անանուխի մեջ բավականին բարձր է, ինչն էլ բույսին դարձնում է յուրահատուկ իր ցեղի մշակաբույսերի մեջ: Մենթոլը բոլորիս հայտնի է քիմքը սառեցնող հատկությամբ: Պղպեղային անանուխի թեյը շատ օգտակար է, ունի մանրէասպան հատկություն: Բարերար է անդրադառնում մարսողության և սրտանոթային համակարգի աշխատանքի վրա: Ի դեպ, հին հռոմեացիները համոզված էին՝ անանուխի բույրը տրամադրություն բարձրացնող հատկություն ունի: Քաղաքական գործիչներն էլ անանուխի ընձյուղներից հյուսված պսակ էին կրում, քանի որ այն նպաստում էր ուղեղի արդյունավետ օգտագործմանը: Այնպես որ մեր արտադրանքը օգտակար է բոլորի համար:

-Սցենարիստի մասնագիտությունը բիզնեսում օգնո՞ւմ է:
-Հհարկե՛, շնորհիվ սցենարական ստեղծագործ մոտեցման՝ «ՀոկտեմբերՅան»-ը որդեգրել է բրենդի կրեատիվ մատուցման ռազմավարություն: Բացի որակյալ արտադրանքից՝ մարդկանց հաղորդելու է ջերմ էմոցիաներ, ինչի կարիքը մեր օրերում շատ կա:
-Ինչու՞ «ՀոկտեմբերՅան»:
Առաջինը՝ որովհետև այն աճեցվում է Արմավիրում՝ նախկին Հոկտեմբերյանում, իսկ Արմավիրի հողը և ջուրը ամենաբարենպաստն է մշակաբույսերի աճեցման համար: Երկրորդը՝ Արարատյան դաշտավայրի բնակլիմայական պայմաններում հոկտեմբեր ամսին կատարվում է պղպեղային անանուխի վերջին մթերումը, որից հետո մշակաբույսը մտնում է արտադրություն և հասնում սպառողին. այսինքն խորհրդանշական «հոկտեմբեր» և «յան» բառերի համադրումն է:

-Ի՞նչն եք առավել կարևորում աշխատանքային գործընթացում:
-Առհասարակ, թե՛ սցենարական գործունեությունում, թե՛ բիզնեսում ցանկացած աշխատանքի հիմքն ինձ համար գործի նկատմամբ մեծ պատասխանատվությունն է, կատարելագործվելու ձգտումը և ամենակարևորը՝ ազնվությունը: Պետք է ազնիվ լինել այն մարդկանց առջև, ում համար ստեղծում ես որևէ արժեք:
-Հետաքրքի՞ր է, ի՞նչ է բիզնեսը ստեղծագործող մարդու համար:
- Շատերը բիզնես ասելով այն անմիջապես կապում են մեծ գումարների հետ: Ես մի փոքր այլ տեսանկյունից եմ նայում այդ ամենին: Բիզնեսը, իմ դեպքում արտադրությամբ զբաղվող բիզնեսը հնարավորություն է նոր արժեք ստեղծելու, և դրանով ինչ-որ չափով փոխելու մարդկանց կյանքը դեպի լավը: Բիզնես գործունության միջոցով վաստակած գումարն ինձ համար գնահատականն է կատարված աշխատանքի, որը խթան է առաջ շարժվելու, նոր արժեքներ ստեղծելու ճանապարհին:

-Ընտանիք, ստեղծագործական գործունեություն, բիզնես… ինչպե՞ս է հաջողվում համատեղել: Չի՞ տուժում արդյոք որևէ օղակ:
Իհարկե հեշտ չէ, բայց մեծ ցանկության և աշխատասիրության շնորհիվ հնարավոր է համատեղել և պահել հավասարակշռությունը:
-Ո՞վ է ձեր նախագծերի, կատարած աշխատանքների առաջին քննադատը և խորհրդատուն:
-Իմ կյանքում այդ շատ կարևոր գործառույթը բաժին է հասել քրոջս, ոչ այն պատճառով, որ քույրս է, այլ այն պատճառով, որ նրա կարծիքն ու դիտարկումները պրոֆեսիոնալ են և ծանրակշիռ: Ի դեպ քույրս մասնագիտությամբ նաև դիզայներ է և «ՀոկտեմբերՅան» ապրանքանիշի դիզայները հենց նա է:

- Եվ վերջում, ի՞նչ կմաղթեք գալիք 2024-ին Ձեր հետևորդներին և հայ ժողովրդին:
-Խաղաղություն… Խաղաղություն մեր երկրին, մեր ազգին, թող խաղաղ ու հաշտ լինենք միմյանց ու ինքներս մեզ հետ, աշխատե՛նք շատ և ազնվորեն, ձեռք ձեռքի՛ տված փորձե՛նք կերտել լուսավոր ապագա: Խաղաղություն և հաջողություն բոլորիս:










