Մեր խնդիրը գործազուրկ դայակներին աշխատանքի տեղավորե՞լն է, թե երեխային լավ ծառայություն մատուցելը․ կարող է տատիկը մատուցել այդ ծառայությունը․ Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)
Վերարտադրողական օժանդակ ծրագրերի շրջանակներում, սկսած 2021 թվականից, զոհված զինծառայողների ընտանիքներում ունեցել ենք 54 ծնված երեխա։ Այս մասին կառավարության նիստում ասաց առողջապահության փոխնախարար Լենա Նանուշյանը։
Նիկոլ Փաշինյանը նշեց, որ նախագծով նախատեսում են զոհված կամ անհետ բացակայող զինծառայողների ընտանիքներին աջակցություն ցուցաբերել, որպեսզի կարողանան կամ դայակ վարձել, կամ օգտվել նախադպրոցական հիմնարկի ծառայություններից։
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մակրտչյանն էլ հավելեց՝ նախատեսվում է, որ դայակը չպետք է գրանցված լինի նույն հասցեում, քանի որ լինում են դեպքեր, երբ գրանցում էին ընտանիքի անդամին և ծրագիրը չէր ծառայում իր նպատակին։
«Առնվազն այս դեպքում մենք կարող ենք այդ բացառությունն անել։ Մեր շահառուն, որին ուզում ենք աջակցել, ծնված երեխան է, ինչքան լավ պահեն այդ երեխային, այնքան մեզ համար ավելի լավ։ Մեր քաղաքականությունները մշակելիս մենք ամեն անգամ կարևոր բաներ բաց ենք թողնում։ Մենք ուզում ենք երեխայի համար հնարավորինս լավ պայմաններ ստեղծել, և եթե պետք է երեխայի հարազատներից մեկն այդ գործառույթն իրականացնի, ի՞նչն է վատ այդտեղ։ Հիմա մեր խնդիրն այս ծրագրով գործազուրկ դայակներին աշխատանքի տեղավորե՞լն է։ Ես կարծում եմ, որ դա չէ մեր խնդիրը, մեր խնդիրն այն է, որ երեխան լավ ծառայություն ստանա։ Եթե այդ ծառայությունը պետք է նրա հարազատ տատիկը մատուցի, շատ լավ, կառավարության նպատակն էլ դա է»,- ասաց Նիկոլ Փաշինյանը։










