Մայրիկներին հավելյալ լծակ կտանք․ եթե տատիկն իր պարտականությունը լավ չկատարի, կասի` հարգելի՛ տատիկ, դուք ազատված եք աշխատանքից․ Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)
ՀՀ կավարության նիստում որոշում ընդունվեց զոհված զինծառայողների ծնողների նորածին երեխաների խնամքի վերաբերյալ։ Համաձայն որոշման` զոհված զինծառայողների ծնողներն իրենց նորածինների խնամքը պատշաճ կազմակերպելու համար ամսական 104 հազար դրամի աջակցություն կստանան մինչև երեխայի 3 տարին լրանալը։
Նիկոլ Փաշինյանը նախագծի հետ կապված մի շարք դիտողություններ արեց։ Նրա համար անհասկանալի էր, որ դայակը ծրագրի շահառուի հետ նույն հասցեում չպետք է գրանցված լինի։ Ըստ նրա` առնվազն այս դեպքում այդ բացառությունը պետք է անել։
«Այսպիսի կարգավորումներով մենք մեր նպատակներից շեղվում ենք։ Երբեմն շատ չենք խորանում նախագծերի մեջ ու ասում ենք` այ, տեսեք, մենք լավ կառավարություն ենք, այսպիսի որոշումներ ենք կայացրել, հետո գնում ենք մարզային հանդիպման, մարդկանց հարցնում ենք` օգտվո՞ւմ եք այս ծրագրից, ասում են` չէ։
Ասում ենք` ինչո՞ւ, ասում են` հազար ու մի սահմանափակում եք դնում` մեր հարևանը, բարեկամը չի կարող դայակ լինել, մենք այդքան ներվ չունենք այդքան հարցերի լուծման հետևից գնալու։ Մենք մեր շահառուին չպետք է կորցնենք ու այդ ընկալումը, որ դայակը երեխայի տատիկն է, ուրեմն` ինչի՞ ենք իրեն փող տալիս, իր պարտականությունն է, որ իր թոռնիկին պահի։ Մայրիկներին էլ հավելյալ լծակ կտանք․ եթե տատիկն իր պարտականությունը լավ չկատարի, կասի` հարգելի՛ տատիկ, դուք ազատված եք աշխատանքից»,– ասաց Փաշինյանը։










