Հաջորդ տարի «Սյունիք» օդանավակայանում նոր սարքավորումներ կգործարկվեն, չեղարկումները կնվազեն․ նախարար
Կապանի «Սյունիք» օդանավակայանից իրականացվել է 22 չվերթ, տեղափոխվել է 189 ուղևոր, սակայն մեծամասամբ ինքնաթիռի տոմսերը բոլորը վաճառված չեն լինում:
Այս մասին տարեվերջյան ամփոփոիչ ասուլիսին տեղեկացրեց ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանը։
Նախարարը շեշտեց, որ եղել են դեպքեր, երբ եղանակային պայմաններով պայմանավորված չվերթները չեն իրականացվել: Միևնույն ժամանակ Սանոսյանը հավաստիացրեց, որ հաջորդ տարի չեղարկումները կնվազեն, այս ուղղությամբ հստակ քայլեր ունեն։
«Մենք և շրջակա միջավայրի նախարարության գործընկերները որոշակի նավիգացիոն և հիդրոօդերևութաբանական սարքեր են ձեռք բերել, որպեսզի տեղադրվեն օդանավակայանում։ 2024 թվականին դրանք կգործարկվեն, ու եղանակային պայմաններից կախվածությունը կփոքրացնենք»,- հավաստիացրեց նախարարը։
Հիշեցնենք, որ Կապանի օդնավակայանից Երևանից-Կապան և հակառակ ուղղությամբ չվերթներ են իրականացվել։
Մինչ կանոնավոր չվերթների մեկնարկը իրականացված երկու թռիչքներն անխոչընդոտ չէին անցել․ ադրբեջանական կողմը թիրախավորել էր օդանավակայանը։
Օգոստոսի 17-ին Երևան-Կապան չվերթով Սյունիք էր մեկնել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը․ այցի ընթացքում նա էր հայտարարել, որ այս շաբաթվանից մեկնարկում են կանոնավոր չվերթները։ Փաշինյանի այցի հաջորդ օրը, ըստ ՀՀ ԱԱԾ-ի, ադրբեջանական կողմից անհայտ անձը կրակոցներ էր արձակել Կապանի «Սյունիք» օդանավակայանի ուղղությամբ, գնդակներից երկուսը վնասել էին օդանավակայանի պատուհաններից մեկը և տանիքը։
Օգոստոսի 19-ին էլ Կապանի օրվան նվիրված միջոցառումներին մասնակցելու համար Սյունիք էին մեկնել Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը և ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը։ Այդ օրն էլ Ադրբեջանը թիրախավորել էր «Սյունիք» քաղաքացիական օդանավակայանը մինչև ինքնաթիռի վայրէջքը։
Հետագայում էլ մի շարք չվերթներ չեղարկվեցին՝ եղանակային անբարենպաստ պայմանների պատճառաբանությամբ։










