Հարավային Կորեան զորավարժություններ է անցկացրել Դեղին ծովի կղզիներում՝ ի պատասխան ԿԺԴՀ-ի կողմից գնդակոծման

13:12 • 05.01.24

Հարավային Կորեայի զինված ուժերը վարժական հրաձգություններ են անցկացրել՝ ի պատասխան ԿԺԴՀ-ի կողմից Յոնփյոնդո և Պենյոնդո կղզիների մերձակայքի ջրերի գնդակոծության։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է Yonhap գործակալությունը։

Ըստ Կորեայի Հանրապետության զինված ուժերի շտաբների պետերի կոմիտեի՝ զորավարժություններին մասնակցել են ծովային հետևակի ստորաբաժանումները, որոնք տեղակայված են Յոնփյոնդո և Պենյոնդո կղզիներում։ Հարավկորեական կողմը գնդակոծել է ջրային տարածքը, զորավարժություններին ներգրավվել են K9 ինքնագնաց հրետանային կայանքներ։

Հիշեցնենք, այսօր տեղի ժամանակով ժամը 9։00-ից մինչև 11։00-ն ընկած ժամանակահատվածում Հյուսիսային Կորեան ավելի քան 200 արկ է արձակել Յոնփյոնդո և Պենյոնդո կղզիների ուղղությամբ։ Արկերն ընկել են Դեղին ծովի բուֆերային գոտում, տուժածներ չկան։ Հարավային Կորեայի զինվորականները երկու կղզիների բնակիչներին հրահանգել են տարհանվել։