Հայաստանյան բոլոր եկեղեցիներում մատուցվում է Ճրագալույցի Սուրբ Պատարագ

18:05 • 05.01.24

Հայաստանյան բոլոր եկեղեցիներում մատուցվում է Ճրագալույցի Սուրբ Պատարագ:

Այս երեկո առաքելական եկեղեցին սկսել է տոնել Հիսուս Քրիստոսի Սուրբ Ծնունդը: Տոնը հունվարի 6-ին է, իսկ եկեղեցական օրը փոխվում է երեկոյան ժամերգությունից հետո` ժամը 17.00-ից:

Էջմիածնի Սուրբ Գայանե վանքում Արցախի թեմի առաջնորդ գերաշնորհ Տեր Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանի ձեռամբ մատուցվում է Ճրագալույցի Սուրբ Պատարագ:

Հայ Եկեղեցին Հիսուս Քրիստոսի Ծննդյան օրն անփոփոխ նշում է հունվարի 6-ին: Տոնի նախապատրաստությունը սկսվում է դեկտեմբերի 29-ից՝ Սուրբ Ծննդյան պահքի Բարեկենդանով:

Հաջորդ օրը` դեկտեմբերի 30-ին, սկսվում է Ս. Ծննդյան շաբաթապահքը` իր մեջ ընդգրկելով Նոր Տարվա տոնը: Պահքից դուրս ենք գալիս հունվարի 5-ին: Այդ օրը երեկոյան բոլոր եկեղեցիներում մատուցվում է Ճրագալույցի Ս.Պատարագ:

Ճրագալույցի Ս. Պատարագ տարին ընդամենը 2 անգամ է մատուցվում` Ս. Ծննդյան և Ս. Հարության տոների նախատոնակին: Ճրագալույց նշանակում է ճրագ՝ մոմ, վառել (լուցանել): Այդ օրը երեկոյան, մարդիկ եկեղեցում վառած ճրագներն իրենց հետ տուն են տանում: Այն խորհրդանշում է Աստծո օրհնություն: Ճրագալույցը խորհրդանշում է նաև բեթղեհեմյան աստղի լույսը, որն առաջնորդեց մոգերին դեպի Հիսուս մանուկը: