Նույնիսկ աննշան սադրանքի դեպքում մեր զորքերն անմիջապես կրակ կբացեն. Կիմ Չեն Ընի քրոջ նախազգուշացումը

13:43 • 07.01.24

Հյուսիսային Կորեայի զինված ուժերն արդեն «հեռացրել են (զենքի) ապահովիչը», հարավկորեական զինվորականների ցանկացած սխալ կարող է վտանգի ենթարկել Սեուլը: Այս մասին հայտարարել է ԿԺԴՀ-ի առաջնորդ Կիմ Չեն Ընի քույրը՝ Կիմ Յո Չժոնը. նրա խոսքերը մեջբերել է Կորեայի կենտրոնական հեռագրական գործակալությունը։

«Թույլ տվեք մեկ անգամ ևս բացատրել. մեր բանակն արդեն հանել է ապահովիչը ձգանից: Նույնիսկ աննշան սադրանքի դեպքում մեր զորքերն անմիջապես կրակ կբացեն»,- ասել է Կիմ Յո Չժոնը:

Նա առաջարկել է մտածել, թե ինչ վտանգի կենթարկվի Սեուլը, որտեղ ապրում է ավելի քան 10 միլիոն մարդ, եթե միջադեպ տեղի ունենա «անգրագետ ավազակների սխալների և սխալ ենթադրությունների հետևանքով»։

«Վերջերս Կորեայի Հանրապետության ռազմական ավազակները, երբ խոսում են պատասխան որոշ սկզբունքների մասին, համառորեն օգտագործում են «անմիջապես, ուժեղ և մինչև վերջ» բառերը, նրանք պետք է հասկանան, որ այս արտահայտությունը կարող է վերածվել իրենց մահվան և վերջին»,- զգուշացրել է Կիմ Յո Չժոնը։

Նա կրկնել է, որ սխալները, սխալ դատողությունները և համառությունը «անուղղելի դժբախտություններ կառաջացնեն»։