Երասխի գործարանը տեղափոխելու համար կառավարությունը 3,5 մլրդ դրամ բյուջետային վարկ հատկացրեց

13:54 • 11.01.24

Մետալուրգիական գործարանը Երասխից Արարատ տեղափոխելու համար կառավարությունը «Ջի Թի Բի Սթիլ» ընկերությանը ՀՀ կառավարությունը 3 միլիարդ 500 միլիոն դրամ բյուջետային վարկ հատկացրեց՝ տարեկան 8 տոկոս տոկոսադրույքով, 4 տարի` սկսած 3-րդ տարվանից մարման ժամկետով։

2023 թվականի դեկտեմբերի 14-ին Կառավարության կողմից ընդունվել և հավանության է արժանացել «Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի Արարատ համայնքի Արարատ բնակավայրում պողպատի գործարանի կառուցման ներդումային ծրագրին հավանություն տալու և «Ջի Թի Բի Սթիլ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը հողամասերը նվիրաբերությամբ տրամադրելուն համաձայնություն տալու մասին» որոշումը։

Ընկերությանը նվիրաբերությամբ տրամադրվել է հողամասեր Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի Արարատ համայնքի Արարատ բնակավայրում պողպատի գործարանի կառուցման համար, քանի որ ընկերության կողմից Արարատի մարզի Երասխ բնակավայրում գտնվող պողպատի գործարանի կառուցումը դադարեցվել է՝ ելնելով որոշ հանգամանքներից:

Երասխում գտնվող պողպատի գործարանի կառուցման նպատակով ընկերության կողմից կատարվել են մի շարք շինարարական (և ոչ միայն) ծախսեր, որոնց ընդհանուր գումարը կազմում է շուրջ երկու միլիարդ դրամ։

Արտադրական հզորությունների ամբողջական գործարկման արդյունքում կստեղծվի մինչև 500 աշխատատեղ (առաջին փուլով մոտ 240), որն իր հետ կառաջացնի նաև բազմաթիվ այլ աշխատատեղեր ծառայությունների և սպասարկման ոլորտում: Գործարանը կունենա 200-250 մլն ԱՄՆ դոլարի տարեկան շրջանառություն։

Առաջին փուլով նախատեսվում է կառուցել սև մետաղի ջարդոնի վերամշակման գործարան տարեկան 100-120 հազար տոննա արտադրողականությամբ, երկրորդ փուլով արտադրական ծավալները կկրկնապատկվեն և կկառուցվի նաև այլ մետաղական կոնստրուկցիաների և արտադրատեսակների գործարան (խողովակներ, տարբեր հատվածքի պրոֆիլներ, կոնտեյներներ և այլն):

Սկզբնական անհրաժեշտ ներդրումը կազմում է մոտ 29,9 միլիոն ԱՄՆ դոլար, որը կստացվի կանոնադրական կապիտալում ներդրման և ֆինանսական հաստատություններից ստացված փոխառության միջոցով։