Ռուսաստանի և Ուկրաինայի միջև միջազգային ավտոմոբիլային տրանսպորտի մասին համաձայնագիրը դադարեցվել է
Ռուսաստանի և Ուկրաինայի կառավարությունների միջև միջազգային ավտոմոբիլային տրանսպորտի մասին համաձայնագիրը դադարեցվել է դեկտեմբերի 17-ին։ Այս մասին ասված է Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարության հաղորդագրությունում, որը հրապարակվել է իրավական տեղեկատվության պաշտոնական ինտերնետային պորտալում։
Փոխանցում է ՏԱՍՍ-ը։
«2023 թվականի դեկտեմբերի 17-ին Ռուսաստանի Դաշնության կառավարության և Ուկրաինայի կառավարության միջև միջազգային ավտոմոբիլային տրանսպորտի մասին համաձայնագիրը, որը ստորագրվել էր Կիևում 1995 թվականի մարտի 21-ին, դադարեցվել է»,- ասվում է տեքստում։
Ավելի վաղ Գերագույն Ռադայում Նախարարների կաբինետի ներկայացուցիչ Տարաս Մելնիչուկը հայտնել էր, որ Ուկրաինայի կառավարությունը հավանություն է տվել երկրի դուրս գալուն Ռուսաստանի հետ ավտոմոբիլային տրանսպորտի և արդյունաբերական սեփականության պաշտպանության ոլորտում համագործակցության համաձայնագրերից։










