Աբսուրդ է, այդ ո՞ր տրամաբանությամբ է «Մակարով»-ը մարտական զենք համարվում․ Վահագն Ալեքսանյանը՝ փոխնախարարին
ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովում քննարկում է ՔՊ-ական պատգամավոր Վիլեն Գաբրիելյանի կողմից ներկայացված «Զենքի շրջանառության կարգավորման մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծը, որով առաջարկվում է նոր խմբագրություն անել։
Ըստ այդմ առաջարկվում է օրենքից ընդհանրապես հանել «ծառայողական զենք» հասկացությունը, դրա փոխարեն ներմուծել «քաղաքացիական կարճ ակոսափող հրազեն» հասկացությունը՝ զենքը բաժանելով քաղաքացիական և մարտական տեսակների, իսկ ծառայողական զենք հանդիսացող կարճ ակոսափող հրազենը դարձնել քաղաքացիական նշանակության զենք։
Նիստի ժամանակ ՆԳ փոխնախարար Արփինե Սարգսյանն ասաց, որ կառավարությունն առաջարկում է զինվորական քննիչներին մարտական ինքնաձիգ կրելու հնարավորություն տալ, որի շրջաանակում էլ կատարել զենքերի դասակարգումները, թե զենքի որ տեսակը նրանք կարող են կրել։
Քննարկման ժամանակ հանձնաժողովի անդամ Վահագն Ալեքսանյանը մի շարք կետերի հետ համաձայն չէր և առարկություններ ներկայացրեց։
Ըստ նրա՝ օրենքի նախագծում հնացած դասակարգվում է արվում։
«Մեր պարեկներն այս պահին «9/19 Գլոկներ» են կրում, «9/19»-ը ծառայողակա՞ն է, իսկ «Մակարովը» մարտակա՞ն։ Այդ ո՞ր տրամաբանությամբ է այդպես։ Հիմա, եթե մենք «Գլոկը» համարում են ծառայողական, իսկ «Մակարովը» մարտական, դա աբսուրդ է, որովհետև, օրինակ ԱՄՆ-ում «Մակարով»-ն ինքնապաշտպանության համար էլ չեն օգտագործում, որպես հուշանվեեր են օգտագործում։
Աբսուրդ է, որ «Մակարով»-ը մարտական զենք է համարվում»,- դիմելով Արփինե Սարգսյանին ասաց Ալեքսանյանը և առաջարկեց այլ լուծում գտնել։










