Իրաքն Իրանի հարվածների առնչությամբ բողոք կներկայացնի ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդ
Իրաքի կառավարությունը մտադիր է բողոք ներկայացնել ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդ (ԱԽ)՝ կապված Իրաքյան Քրդստանի վարչական կենտրոն Էրբիլին Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ՝ Իրանի զինված ուժերի մաս) հրթիռային հարվածների հետ։ Այս մասին հայտնում է Իրաքի արտաքին գործերի նախարարությունը։ Այս մասին գրում է ՏԱՍՍ-ը:
«Իրաքի կառավարությունը խստորեն դատապարտում է Իրանի հարձակումը Էրբիլ քաղաքի վրա, որի ընթացքում բալիստիկ հրթիռներ են արձակվել բնակելի շենքերի վրա, ինչը հանգեցրել է քաղաքացիական զոհերի», - ասվում է ԱԳՆ-ի հայտարարությունում:
Նշվում է, որ Բաղդադը մտադիր է բողոք ներկայացնել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին՝ կապված հանրապետության «ինքնիշխանության դեմ ագրեսիայի» հետ։
Իրաքի վարչապետ Մուհամեդ ալ-Սուդանին հանձնարարել է հանձնաժողով ստեղծել Էրբիլի վրա Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի հարվածի հանգամանքները հետաքննելու համար։
Այս գիշեր մի քանի պայթյուն է որոտացել իրաքյան Էրբիլում: Իրանական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ դրանց պատասխանատվությունը ստանձնել է Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը։ԻՀՊԿ-ն հայտնել է, որ հարվածները ոչնչացրել են հակաիրանական ահաբեկչական խմբավորումների բազաները։
«Ի պատասխան Իրանի թշնամիների վերջին ահաբեկչությունների` Մերձավոր Արևելքի տարածաշրջանի որոշ հատվածներում հակաիրանական ահաբեկչական խմբավորումների հետախուզական շտաբները և թշնամու շտաբները խոցվել են Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի բալիստիկ հրթիռներով», - նշված է կորպուսի հայտարարության մեջ:
Ինչպես նշում է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը, մի շարք բալիստիկ հրթիռներ են արձակվել Իրաքյան Քրդստանում գտնվող իսրայելական արտաքին հետախուզական ծառայության Մոսադի գլխավոր շտաբներից մեկի ուղղությամբ, ինչի արդյունքում այն ոչնչացվել է։
Ավելի վաղ Իրանի գերագույն առաջնորդ Ալի Խամենեին արաբական տարբեր երկրներում շիաների դիմադրության ճակատին կոչ էր արել հարվածել թշնամուն, որտեղ էլ որ նա լինի:










