ԱՄՆ-ն խիստ դատապարտել է Իրանին` Էրբիլին հարվածներից հետո
Միացյալ Նահանգները խստորեն դատապարտել է Իրանի հարձակումներն Էրբիլում և ցավակցել զոհվածների ընտանիքներին։ Այս մասին ասվում է Պետքարտուղարության հայտարարությունում:
«Մենք դեմ ենք Իրանի անխոհեմ հրթիռային հարվածներին, որոնք խաթարում են Իրաքի կայունությունը։ Մենք աջակցում ենք Իրաքի կառավարության և Քրդստանի տարածաշրջանային կառավարության ջանքերին՝ ուղղված իրաքցի ժողովրդի նպատականերին հասնելուն»,- ասվում է հայտարարությունում ։
Նշենք, որ այս գիշեր մի քանի պայթյուն է որոտացել իրաքյան Էրբիլում: Իրանական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ դրանց պատասխանատվությունը ստանձնել է Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը։ ԻՀՊԿ-ն հայտնել է, որ հարվածները ոչնչացրել են հակաիրանական ահաբեկչական խմբավորումների բազաները։
«Ի պատասխան Իրանի թշնամիների վերջին ահաբեկչությունների` Մերձավոր Արևելքի տարածաշրջանի որոշ հատվածներում հակաիրանական ահաբեկչական խմբավորումների հետախուզական շտաբները և թշնամու շտաբները խոցվել են Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի բալիստիկ հրթիռներով», - նշված է կորպուսի հայտարարության մեջ:
Ինչպես նշում է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը, բալիստիկ հրթիռներ են արձակվել Իրաքյան Քրդստանում գտնվող իսրայելական արտաքին հետախուզական ծառայության՝ Մոսադի գլխավոր շտաբներից մեկի ուղղությամբ, ինչի արդյունքում այն ոչնչացվել է։










