Արամ Ղազարյանը կնշանակվի Լոռու մարզպետ
Կառավարության այսօրվա նիստում Լոռու մարզպետ կնշանակվի Արամ Ղազարյանը։
Տեղեկացնենք, որ Արամ Ղազարյանը 2016-ից եղել է Ոստիկանության Լոռու մարզային վարչության պետը, ապա նույն պաշտոնը զբաղեցրել է Գեղարքունիքի մարզում, իսկ հետո՝ մինչև անցած տարի, Շիրակի մարզում է ղեկավարել Ոստիկանության մարզային վարչությունը։
2023 թվականի հունիսից Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության ենթակայությամբ գործող «Երևան ՋԷԿ» ՓԲԸ գլխավոր տնօրենն էր։
Հիշեցնենք, որ ավելի վաղ Լոռու մարզ կատարած վարչապետ Նիկոլ Փաշինյանի աշխատանքային այցից հետո Լոռու մարզպետ Արամ Խաչատրյանը հրաժարական էր տվել։
Նիկոլ Փաշինյանը, ծանոթանալով մարզում դպրոցներում կատարված շինարարական աշխատանքներին, մի շարք թերություններ էր արձանագրել, որից հետո էլ տեղի էր ունեցել մարզպետի հրաժարականը։ Մինչդեռ Խաչատրյանի պնդմամբ՝ ինքն է ազատման դիմում գրել։










