Անկեղծ ասած, Փաշինյանի ասածում տրամաբանություն չտեսա. Լավրով

15:26 • 18.01.24

ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովն ասել է, որ տրամաբանություն չի տեսնում Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ տարածաշրջանում տարանցիկ ուղիների շահագործման պայմանների մասին հայտարարություններում։ Այս մասին գրում է ՏԱՍՍ-ը:

«Նրանում, ինչ ասել է պարոն Փաշինյանը, որ ուզում է Հայաստանի տարածքով տարանցման համար նույն պայմանները, որոնք կօգտագործվեն Ադրբեջանից Նախիջևան Իրանի տարածքով տարանցման համար, ես տրամաբանություն չտեսա, անկեղծ ասած: Հազիվ թե տեղին լինի համեմատել այս երթուղիները»,- հավելել է ՌԴ արտգործնախարարը։

Երեկ Փաշինյանը, ԱԺ-ում անդրադառնալով Ալիևի հայտարարություններին առ այն, որ եթե ՀՀ-ն չտա ճանապարհը Մեղրիի հատվածով, ապա իրենք կօգտվեն Իրանի տարածքով Նախիջևանին միանալու ճանապարհից, պատասխանել էր, որ ինչ պայմաններով Իրանն է ճանապարհ  տալիս Ադրբեջանին դեպի Նախիջևան, այնպես էլ ՀՀ-ն է պատրաստ տալ այդ անցումը Ադրբեջանի հիմնական հատվածից Նախիջևան։ Հարց հնչեցնող ընդդիմադիր «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը համակարծիք չէր Փաշինյանի հետ՝ նշելով, որ  Ադրբեջանի և Իրանի հարաբերությունները տարբերվում են հայ-ադրբեջանականից։

Նշենք, որ Լավրովը խոսել է այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքից»՝ նկատելով, որ վերջին օրերին Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարներն իրենց հրապարակային հայտարարություններում անդրադառնում են Ադրբեջանի և Նախիջևանի միջև հիմնական կապի ստեղծմանը:

«Ընդ որում, վարչապետ Փաշինյանն ինչ-որ տեղ ասել է, որ Հայաստանը կտրականապես դեմ է «Զանգեզուրի միջանցքին»: «Զանգեզուրի միջանցքի» մասին երբեք խոսք չի եղել այն պայմանավորվածությունների շրջանակում, որոնք ձեռք են բերվել նախագահ Պուտինի, նախագահ Ալիևի և վարչապետ Փաշինյանի միջև: 2020-ի նոյեմբերի 9-ին ստորագրված հայտարարությունում, որը դադարեցրել է պատերազմը, ասվում է, որ ապաշրջափակվում են բոլոր տրանսպորտային և տնտեսական կապերը, և որ Հայաստանը երաշխավորում է Ադրբեջանի արևմտյան շրջանների և Նախիջևանի միջև երկու ուղղությամբ տրանսպորտային հաղորդակցության անվտանգությունը, իսկ այդ տարնսպորտային հաղորդակցության վերահսկողությունն իրականացնում են ՌԴ անվտանգության դաշնային ծառայության սահմանային ծառայության մարմինները», -ասել է Լավրովը՝ 2023 թվականի ռուսական դիվանագիտության արդյունքների ամփոփմանը նվիրված մամուլի ասուլիսում: