Սուր շնչառական վարակներով  բուժում է ստանում  733 մարդ, որոնց  85%-ը երեխաներ են․ համաճարակաբան

15:38 • 19.01.24

Մեր երկրում գրիպի և սուր շնչառական վարակների ակտիվության և հիվանդացության աճ է նկատվում: Ավելացել են ամբուլատոր պոլիկլինիկաներ դիմելիության և ստացիոնար հոսպիտալացման դեպքերը։

Այս մասին Tert.am-ին տեղեկացրեց ԱՆ ՀՎԿԱԿ-ի վարակիչ և ոչ վարակիչ հիվանդությունների վարչության համաճարակաբան Եվգենյա Խաչատրյանը։

Վերջինիս փոխանցմամբ՝ հունվարի 18-ի դրությամբ սուր շնչառական վարակներով  բուժում է ստանում  733 պացիենտ, որոնց  85%-ը  0-18 տարեկաններն են, իսկ թոքաբորբով հիվանդ է 343 մարդ է մարդ, նրանց 62 տոկոսն են 0-18 տարեկանները։

«Վարակների և հիվանդացության ակտիվությունը նախորդ շաբաթվա համեմատ աճել  է, սակայն, անցյալ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ գտնվում է նույն մակարդակի վրա, որը վերաբերվում է և՛ սուր շնչառական վարակներին, և՛ թոքաբորբին»,- նշեց նա։

ԱՆ համաճարակաբանի խոսքով՝ սուր շնչառական հիվանդության աճ կա փոքրիկների՝ 0-4 տարեկան երեխաների շրջանում, նրանք հիվանդանոցային պայմաններում են բուժում ստանում։

Հայաստանում այս պահին շրջանառվում են գրիպի A տեսակի H3N2 ենթատեսակի, գրիպի A տեսակի H1N1 ենթատեսակի և գրիպի B տեսակի հարուցիչ։

Բժիշկը, սակայն, վստահեցնում է՝ անհանգստանալու պատճառ չկա,  վարակների ակտիվությունը սեզոնայնությամբ է պայմանավորված։

«Գրիպի ախտանշանները մի փոքր տարբերվում են սուր շնչառական վարակներից։ Եթե սուր շնչառական վարակների կարող են սկսվել քթահոսությամբ, կոկորդի ցավով, ապա գրիպին բնորոշ է սուր սկիզբ՝ ջերմության բարձրացմամբ, լինում է գլխացավ, հոդացավ, թուլություն և ախորժակի կորուստ»,- ասաց նա։

Սուր շնչառական վարակների աճին զուգահեռ, համաճարակաբանի ներկայացմամբ, քովիդի դեպքերի կայունացում է նկատվում։

ԱՆ ներկայացուցիչը հորդորում է վարակներին բնորոշ  ցանկացած ախտանշանի դեպքում, ինքնաբուժությամբ չզբաղվել, դիմել բժշկի։

Մասնագետը նաև նշեց, որ գրիպի դեմ միակ կանխարգելումը պատվաստումն է, ուստի պատվաստումները հասանելի են բոլոր պոլիկլինիկաներում, և այն անձը, որն ուզում է պատվաստվել, կարող է դիմել իր պոլիկլինիկա և պատվաստվել:

«Սանիտարահամաճարակային կանոնների պահպանումը, ինչպես քովիդի ժամանակ, այնպես էլ սուր շնչառական վարակների և գրիպի դեպքում շատ կարևոր է, և դա կարող է ավելի շատ նվազեցնել այդ վարակի տարածումը։ Պետք է անընդհատ ձեռքերը լվանալ, ախտահանել»,- կարևորեց համաճարակաբանը։

Եթե հիվանդ եք, մնացեք տանը՝ հորդորում է բժիշկը և հավելում, որ այսկերպ վարակի տարածման աղբյուր չեք դառնա։