Էստոնիայում գրեթե 10,000 ուսուցիչ անժամկետ գործադուլ են սկսել՝ պահանջելով աշխատավարձի բարձրացում
Էստոնիայի գրեթե 10 հազար ուսուցիչ անժամկետ գործադուլ են սկսել՝ կառավարությունից պահանջելով բարձրացնել միջնակարգ դպրոցների ուսուցիչների նվազագույն աշխատավարձը։ Այս մասին հայտնում է delfi.lv կայքը։
Կրթության աշխատողների միության տվյալներով՝ բողոքի ակցիային միացել է 9471 ուսուցիչ՝ 330 էստոնական դպրոցից։ Նշվում է, որ գործադուլը հայտարարվել է անժամկետ, սակայն յուրաքանչյուր մասնակից կարող է ցանկացած պահի դադարեցնել իր մասնակցությունը։
Ուսուցիչները պահանջում են հանրակրթական դպրոցների աշխատողների նվազագույն աշխատավարձը սահմանել 1950 եվրո։ Մանկավարժներն ընդգծում են, որ աշխատանքային մեծ ծանրաբեռնվածության ֆոնին եկամտի ցածր մակարդակը հանգեցնում է կրթության ոլորտում կադրերի պակասի։
Չորեքշաբթի Էստոնիայում կսկսվի զուգահեռ համերաշխության գործադուլ, որին կմասնակցեն դպրոցների, մանկապարտեզների և արհեստագործական ուսումնարանների աշխատակիցները։ Ակցիան կտևի մինչև երեք օր, դրան կմասնակցի մոտ 9 հազար մարդ։
Բողոքի ակցիայի կազմակերպիչները մտադիր են նաև երկու ցույց անցկացնել՝ երկուշաբթի Տալլինում Էստոնիայի խորհրդարանի շենքում և չորեքշաբթի Տարտուի քաղաքապետարանի հրապարակում։










