ԶՊՄԿ կողմից շահագործող Արծվանիկի պոչամբարը հավանական է՝ աղտոտում է գյուղերն ու գետերը, վնասում՝ գյուղատնտեսական հողերը. բնապահպան

12:41 • 24.01.24

«Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲԸ-ի (ԶՊՄԿ) կողմից շահագործվող Հայաստանի ամենամեծ՝ Արծվանիկի պոչամբարը շարունակում է վատ վիճակում մնալ։

Բնապահպանները մինչև օրս ահազանգում են, որ Արծվանիկի պոչամբարը չի համապատասխանում միջազգային չափանիշներին, ինչի հետևանքով վտանգի տակ է շրջակա տարածքներում ապրող մարդկանց կյանքն ու առողջությունը:

Մասնագետները դեռ 2020 թվականի բարձրաձայնում էին, որ պոչամբարի գործունեությանն առնվազն 3-4 տարի է մնացել, սակայն, այն դեռ նույն ձևով շարունակում է գործել։

Հիմա, երբ, պոչամբարի արդյունահանման ծավալներն աճել են, ըստ մասնագետների, վիճակն ավելի է վատթարացել։

«Համայնքային համախմբման և աջակցության կենտրոն» ՀԿ նախագահ, բնապահպանական խնդիրներով զբաղվող Օլեգ Դուլգարյանը Tert.am-ի հետ զրույցում շեշտեց, որ թեև ուսումնասիրություններ չունի, բայց Արծվանիկ պոչամբարը բավականաչափ մեծ է, ինչպես բոլոր պոչամբարներն, այնպես էլ այն, աղտոտում է շրջակա միջավայրը։

«Չի բացառվում, որ այնտեղ հոսքեր կան, որոնք որ աղտոտում են, հնարավոր է, այս պահին ես դիտարկումներ չունեմ, գետերը, ջրերը, բայց բնականաբար միայն պոչամբարի առկայությունը ինքը աղտոտում է առաջացնում շրջակա միջավայրի գյուղերի համար միայն նաև ասենք օդով, օդակաթիլային, հատկապես ամառվա շոգերին այդ ամեն ինչը բարձրանում է, գոլորշիացվում է, տարածվում է շրջակա միջավայրի, մարդկանց, գյուղատնտեսական նշանակության հողատարածքների, բերքի վրա»,- խնդիրները ներկայացրեց նա։

Օլեգ Դուլգարյանի փոխանցմամբ՝ դեռ տարիներ առաջ Արծվանիկի պոչամբարի հարակից տարածքների գյուղացիներն ահազանգել են, որ այլևս գյուղատնտեսությամբ չեն զբաղվում։

Նշենք, որ ազդակիր համայնքի բնակիչները բողոքում էին, որ առկա պոչամբարն իրենց կյանքի որակը վատթարացրել է։

Սակայն, ըստ «Համայնքային համախմբման և աջակցության կենտրոն» ՀԿ նախագահի, գյուղացիները այլևս առաջվա պես չեն դժգոհում, քանի որ պոչամբարը շահագործող ընկերության հետ պայմանավորվածություն են ձեռք բերել։

«Պոչամբարի հետագա գործունեությունը շարունակելու համար ընկերությունը բնակիչների հետ գործարքի է գնացել։ Շրջակա գյուղերի բնակիչները յուրաքանչյուր ամիս ընկերությունից ֆինանսական հատկացումներ են ստանում․ յուրաքանչյուր շնչին, եթե չեմ սխալվում, 40 հազարական դրամ են տալիս, որը ձևակերպված է որպես սոցիալական օգնություն։

Նկատենք, որ ոչ թե փոխհատուցում է ձևակերպված, այլ՝ օգնություն։ Այս համաձայնությունը բերել է նրան, որ այդ բնակիչերն այլևս սկսել են ավելի քիչ խոսել էկոլոգիական խնդիրներից»,- նշեց նա։

Դուլգարյանը նաև ասաց, որ այս տարիների ընթացքում մի քանի անգամ խոսվել է Արծվանիկի պոչամբարի ռեկուլտիվացիայի մասին, անգամ երկարաձգվել են այդ ժամկետները։

«Բոլոր ժամանակներում էլ քաղաքացիների էկոլոգիական իրավունքներն անտեսվել են ի շահ այսպիսի գործունեության։ Հայաստանում նույնիսկ պոչամբարներ, որոնք որ հստակ պետք է արդեն ռեկուլտիվացված լինեին 2018-2020 թվականներից, բայց իրենք մինչև այս պահն էլ գործում են։
Դիլեմայի առջև են կանգնեցնում համայնքի բնակիչներին․ կամ պետք է փակեն պոչամբարը, ընկերությունները չաշխատեն, մարդիկ էլ գործազուրկ դառնան, կամ էլ պետք է այդ ձևով շարունակեն աշխատել։

Նման դիլեմայի առաջ է կանգնած եղել նաև պետությունը, տարբեր հանքարդյունաբերող ընկերություններ այդպես են խոսում պետական կառավարման մարմինների հետ։ Եթե մենք չաշխատենք, ապա դուք կկանգնեք գործազրկության խնդրի առջև։ Շանտաժի լեզվով խոսելը հատուկ է այս ոլորտին»,- հավելեց բնապահպանը՝ ևս մեկ անգամ ընդգծելով, որ վնասը հասկանալու համար անհրաժեշտ են բիոլոգիական ու օրգանական ուսումնասիրություններ կատարել։