Պետդումայում հայտարարել են, որ Իլ-76 ինքնաթիռը խոցել է Ուկրաինան. Կիևում «նման տեղեկություն չունեն»
ՌԴ Բելգորոդի մարզում կործանված Իլ-76 ինքնաթիռը, որը փոխնակաման համար տեղափոխում էր ուկրաինացի գերիներին, «խոցվել է երեք Patriot կամ IRIS-T հրթիռներով», ասել է Պետդումայի պաշտպանության կոմիտեի ղեկավար Անդրեյ Կարտապոլովը լիագումար նիստի ժամանակ։ Այս մասին գրում է ՌԲԿ-ն:
Նրա խոսքով՝ ինքնաթիռում եղել է 65 ռազմագերի, Ուկրաինայի զինված ուժերի նախկին զինծառայողներ։ Դրա հետևից թռչում էր մեկ այլ ինքնաթիռ՝ մոտ 80 գերիներով, սակայն առաջինի կործանումից հետո, երկրորդ օդանավը շրջադարձ է արել։
Կարտապոլովը նշել է, որ Կիևը գիտեր սպասվող փոխանակման և նրա մասին, թե ինչպես էին գերիները նշանակված վայր տեղափոխվելու։
«Իլ-76 ինքնաթիռը խոցվել է կամ Patriot-ից, կա՛մ գերմանական արտադրության IRIS-T զենիթահրթիռային համակարգից, մասնագետները կպարզեն»,- ասել է պատգամավորը։
Ավելի ուշ Կարտապոլովը լրագրողներին պարզաբանել է, որ հունվարի 24-ին պետք է տեղի ունենար գերիների՝ «192-ը 192-ի դիմաց» ձևաչափով փոխանակում։
«Առաջին ինքնաթիռը տեղափոխում էր 65 մարդ, երկրորդը՝ մնացածին», - ասել է նա:
BBC-ի ուկրաինական ծառայությունը մեկնաբանություն է խնդրել Ուկրաինայի Զինված ուժերի գլխավոր շտաբից, Ուկրաինայի պաշտպանության նախարարությունից և պաշտպանության նախարարության գլխավոր հետախուզական վարչությունից ռուսական ռազմատրանսպորտային Իլ-76 ինքնաթիռի կործանման վերաբերյալ։
«Մենք նման տեղեկություն չունենք»,- ասել է BBC-ի ուկրաինական ծառայության աղբյուրը՝ կապված այն լուրերի հետ, որ ինքնաթիռը կարող էր խոցվել Ուկրաինայի զինված ուժերի կողմից։
Իլ-76-ի կործանման լուրից անմիջապես հետո ուկրաինական լրատվամիջոցները, վկայակոչելով Ուկրաինայի զինված ուժերում աղբյուրին, պնդում էին, որ «դա իրենց աշխատանքն է»։ Այս մեջբերումը տվել են «Ուկրաինսկա պրավդա»-ն և «ՌԲԿ Ուկրաինա»-ն։ Աղբյուրի համաձայն՝ կործանված Իլ-76-ը ոչ թե գերիներ էր տեղափոխում, այլ «հավանաբար» հրթիռներ՝ C-300 ՀՕՊ համակարգի համար։
Ավելի ուշ «Ուկրաինսկա պրավդա»-ն խմբագրել է լուրը՝ հեռացնելով ուկրաինացի զինվորականների «աշխատանքի» մասին խոսքերը, իսկ «Ինտերֆաքս-Ուկրաինա» գործակալության անանուն զրուցակիցը հայտարարել է, որ իբր ինքնաթիռը խոցվել է թռիչքի ժամանակ։
Ուկրաինայի պաշտպանության նախարարությունը դեռ չի կարող հաստատել, որ ինքնաթիռը խոցվել է Ուկրաինայի պաշտպանության ուժերի կողմից, քանի որ «նրանք դեռ ճշտում են տեղեկությունը», գրում է Суспільне հրատարակությունը։










