Համոզված եմ՝ Զինված ուժերը կարող են պատշաճ և արդյունավետ գործել` հիմնվելով բացառապես իրավունքի գերակայության սկզբունքի վրա. ՄԻՊ

10:33 • 28.01.24

Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանի շնորհավորական ուղերձը Բանակի օրվա առթիվ․«Սիրելի՛ հայրենակիցներ, Զինված ուժերի հարգելի՜ ներկայացուցիչներ, Շնորհավորում եմ բոլորիս մեր բանակի կազմավորման 32-րդ տարեդարձի առթիվ։

Հայոց բանակը Հայաստանի Հանրապետության կարևոր ձեռքբերումներից է, հայրենիքի անկախության և անվտանգության գլխավոր երաշխավորներից մեկը:  

Զինված ուժերի յուրաքանչյուր ներկայացուցչի իրավունքների պաշտպանությունն իմ աշխատանքի առաջնային ուղղություններից է։ Այդ համատեքստում պարբերաբար այցեր եմ իրականացնում զորամասեր և զինվորական այլ հաստատություններ, հանդիպում եմ զինծառայողների հետ՝ նպատակ ունենալով  նրանց իրավունքների պաշտպանությանը միտված առավել արդյունավետ կառուցակարգեր մշակել: Համակարգային խնդիրների հաշվառմամբ մշակվում են լուծման առաջարկներ և դրանք ներկայացվում են պետական իրավասու մարմիններին:

Ցանկանում եմ հատուկ ընդգծել, որ մարդու իրավունքների պաշտպանությունն ու իրավունքահեն գաղափարները զինված ուժերի տեսանկյունից ունեն բացառիկ կարևորություն։

Համոզված եմ՝ ինչպես ցանկացած համակարգ, այնպես էլ զինված ուժերը կարող են պատշաճ և արդյունավետ գործել` հիմնվելով բացառապես իրավունքի գերակայության սկզբունքի վրա։

Եվս մեկ անգամ շնորհավորելով տոնի առթիվ՝ զինված ուժերի ներկայացուցիչներին մաղթում եմ բարի և խաղաղ ծառայություն»։