Էկվադորում ոչնչացրել են 21,5 տոննա կոկաին

10:53 • 29.01.24

Էկվադորում ոչնչացրել են 21,5 տոննա կոկաին՝ թմրանյութը խառնելով թափոնների հետ, հայտնում է News.ru-ն:

Ոստիկանությունը մանրամասնել է, որ թմրանյութի ուտիլիզացման համար օգտագործվել է ինկապսուլյացիայի մեթոդը. հանցագործներից առգրավված կոկաինը խառնել են թափոնների, ցեմենտի, ապակու և մոխրի հետ, ապա այդ խառնուրդին ավելացրել հատուկ նյութ, որը չեզոքացնում է կոկաինի բոլոր հատկությունները: Այնուհետև այդ ամենի վրա բետոն են լցրել:

Գործընթացը տևել է տասը ժամ, և, ըստ փորձագետների, այն էկոլոգիապես ավելի մաքուր է, քան այրումը:

Կոկաինը հայտնաբերվել է Էկվադորի Վինս քաղաքի խոզաբուծական ֆերմայի մոտ գտնվող պահեստում. այն նախատեսվում էր ուղարկել ԱՄՆ։ Իշխանությունները բեռի արժեքը գնահատել են 859 մլն դոլար։

Լրատվամիջոցները նշում են, որ սա Էկվադորի պատմության մեջ կոկաինի ամենախոշոր խմբաքանակի առգրավումն է: