Մոլդովայի նորանշանակ ԱԳ նախարարը Ռուսաստանի «սև ցուցակում» է. նրա մուտքը երկիր արգելված է
Մոլդովայի արտաքին գործերի նախարարության նոր ղեկավար Միխայ Պոպշոյը, որն այդ պաշտոնում նշանակվել է հունվարի 29-ին, հայտնվել է Ռուսաստան մուտք գործելու «սև ցուցակում»։ Այս մասին գրում է NewsMaker պորտալը։
Պոպշոյը հիշեցրել է, որ ինքը «սև ցուցակում» է հայտնվել 2023 թվականի ամռանը՝ լինելով Մոլդովայի խորհրդարանի անդամ «Գործողություն և համերաշխություն» կուսակցությունից։ Նրա խոսքով՝ հետաքրքիր կլինի տեսնել, թե ինչպես կվերաբերվեն Կրեմլը և ՌԴ ԱԳՆ-ն արտաքին քաղաքականության դեպարտամենտի ղեկավարի պաշտոնում նրա նշանակմանը։
«Դա իրենց գործն է, ես չեմ կարող իմանալ, թե ինչ որոշում կկայացնեն։ Բայց, միջազգային չափանիշների համաձայն, դիվանագետները, չնայած երկրների միջև առկա տարաձայնություններին, աշխատում են երկխոսություն հաստատելու ուղղությամբ և պետք է ունենան դրա հնարավորությունն ու իրավունքը»,- ասել է Պոպշոյը։
Մինչ այս Մոլդովայի ԱԳՆ նոր ղեկավարը հայտարարել էր, որ Քիշնևը կշարունակի գործընկերային հարաբերություններ հաստատել Ռումինիայի հետ և ռազմավարական երկխոսություն զարգացնել Վաշինգտոնի և Կիևի հետ։ Այս մասին նա հայտարարեց երդումից հետո։
Դիվանագետն ընդգծել է, որ Ռուսաստանի Դաշնության հետ հարաբերություններում Մոլդովան կառաջնորդվի առաջին հերթին իր շահերով։ Նրա խոսքով, Մոլդովայի ինքնիշխանության և տարածքային ամբողջականության հարցերը ապագայում կդառնան ռուս-մոլդովական հարաբերությունների հիմքը։










