Իսրայելն ազատ է արձակել 114 պաղեստինցի բանտարկյալի

16:53 • 01.02.24

Իսրայելը «Քերեմ Շալոմ» անցակետով ազատ է արձակել 114 պաղեստինցի բանտարկյալի, այդ թվում՝ չորս կնոջ, X-ում հայտնել է Պաղեստինի տեղեկատվական կենտրոնը։

Այլ մանրամասներ չեն հաղորդվում։

Փետրվարի 1-ին Al-Hadat հեռուստաալիքը հայտնել էր, որ Փարիզում վերջերս կայացած հանդիպման ժամանակ պատանդների փոխանակման նոր պայմաններ են մշակվել։ Պաղեստինյան ՀԱՄԱՍ շաչժումը համաձայնել է պաղեստինցիների փուլային ազատ արձակմանը։

Հունվարի 23-ին Axios-ը, վկայակոչելով աղբյուրներ, գրել էր, որ Իսրայելը ՀԱՄԱՍ-ին առաջարկել է հետևյալ սխեման. զինյալները վերադարձնում են Գազայում պահվող բոլոր իսրայելցի պատանդներին (մոտ 130 մարդ), ի պատասխան՝ իսրայելցիները բանտերից ազատում են պաղեստինցիներին։ Հրատարակության համաձայն՝ Իսրայելը պատրաստ է իր բանտերից ազատել «չճշտված թվով» պաղեստինցիների, բայց միևնույն ժամանակ հասկացրել է, որ չի համաձայնի ազատ արձակել բոլոր 6 հազար պաղեստինցի բանտարկյալներին։

Հունվարի 28-ին AFP-ն հաղորդել է, որ ԱՄՆ Կենտրոնական հետախուզական վարչության (ԿՀՎ) տնօրեն Ուիլյամ Բերնսը Փարիզում հանդիպել է Եգիպտոսի, Իսրայելի և Կատարի ներկայացուցիչների հետ։ NBC հեռուստատեսության փոխանցմամբ՝ հանդիպման մասնակիցները համաձայնության են եկել Իսրայելի և ՀԱՄԱՍ-ի միջև նոր գործարքի շուրջ, որը ենթադրում է պատանդների փուլային փոխանակում։