Ընդդիմությունը հավաքվել է Մոլդովայի խորհրդարանի մոտ՝ պահանջելով արտահերթ ընտրություններ

17:45 • 01.02.24

Ավելի քան հազար մարդ է հավաքվել Մոլդովայի խորհրդարանի մոտ։ 

Այս մասին հաղորդում է ՏԱՍՍ-ը։

Նշվում է, որ ցուցարարները պահանջում են օրենսդիր մարմնի արձակումը և երկրի նախագահ Մայա Սանդուի հրաժարականը։

Միջոցառման կազմակերպիչներն են «Վերածնունդ» ընդդիմադիր կուսակցությունը, ինչպես նաև լուծարված «Շոր» կուսակցության նախկին ղեկավարները։

«Մոլդովան դարձել է ամենաաղքատ երկիրը, գներն ամեն օր աճում են, իսկ աշխատավարձերն ու կենսաթոշակները՝ ոչ։ Իշխանությունը ձախողել է աշխատանքը բոլոր բնագավառներում, ներառյալ՝ արդարադատությունն ու սոցիալական ոլորտը:

Նրանք բռնատիրել են խորհրդարանը, նախագահական նստավայրը և ծառայում են այլ երկրների շահերին», - իր ելույթում ասել է  խորհրդարանի պատգամավոր Մարինա Տաուբերը:

Մոլդովայում ընդդիմության բողոքի ցույցերն սկսվել են դեռևս 2022 թվականին։ Ի պատասխան՝ իշխանությունները մեղադրել են ընդդիմությանը հեղաշրջում նախապատրաստելու մեջ։