WikiLeaks-ին ԿՀՎ գաղտնի տեղեկություններ փոխանցած տղամարդուն դատապարտել են 40 տարվա ազատազրկման
Նյու Յորքի դատարանը Կենտրոնական հետախուզական վարչության նախկին ծրագրավորող Ջոշուա Շուլթեին դատապարտել է 40 տարվա ազատազրկման՝ հույժ գաղտնի նյութերի արտահոսքի գործով, որը ստացել է Vault 7 անվանումը: Այս մասին հայտնում է WikiLeaks կազմակերպությունը։
«WikiLeaks-ի ենթադրյալ տեղեկատու Ջոշուա Շուլթեն այսօր Նյու Յորքի դաշնային դատարանում դատապարտվել է 40 տարվա ազատազրկման», - գրել է կազմակերպությունը X-ի էջում:
«Մենք, հավանաբար, երբեք չենք իմանա Շուլթեի կողմից հասցված վնասի իրական չափը, բայց, անկասկած, այն հսկայական է», - ասել է դատավոր Ջեսի Ֆեհրմանը: Նրա խոսքերը մեջբերում է Associated Press-ը։
Դատախազները նրա համար ցմահ ազատազրկում էին պահանջել՝ պնդելով, որ ԿՀՎ-ի նախկին աշխատակիցը ներգրավված է եղել «ամերիկյան պատմության մեջ գաղտնի տեղեկատվության ամենակործանարար արտահոսքում»:
Ինքը՝ Շուլթեն, ասել է, որ «կառավարությունը ոչ թե արդարություն, այլ վրեժ է փնտրում»։










