Իրաքի ԱԳՆ-ն ավիահարվածների համար բողոքի նոտա կհղի ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատարին

16:45 • 03.02.24

Իրաքի ԱԳՆ-ն կանչել է Բաղդադում ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատարին Իրաքի տարածքում ամերիկյան հարվածների պատճառով նրան բողոքի նոտա հանձնելու համար:

Տեղեկությունը նշված է Իրաքի արտաքին քաղաքական գերատեսչության հայտարարության մեջ։

Ավելի վաղ Իրաքի կառավարությունը հայտարարել էր, որ 16 մարդ երկրի տարածքում ամերիկյան ավիահարվածների զոհ է դարձել, 25-ը վիրավորվել են:

«Ի նշան բողոքի Իրաքի քաղաքացիական և ռազմական օբյեկտների հանդեպ ամերիկյան ագրեսիայի դեմ, արտաքին գործերի նախարարությունը կանչում է Բաղդադում ԱՄՆ դեսպանատան գործերի ժամանակավոր հավատարմատարին քաղաքացիական և ռազմական օբյեկտների վրա ամերիկյան հարձակման կապակցությամբ նրան բողոքի պաշտոնական նոտա հանձնելու համար», - հայտնել է Իրաքի ԱԳՆ-ն:

Այս գիշեր ԱՄՆ-ն հայտարարել է, որ Հորդանանի իր ռազմաբազայի վրա հարձակմանն ի պատասխան խոցել է ավելի քան 85 թիրախ, որոնք պատկանում են Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) ուժերին և դրա հետ կապված կազմավորումներին Իրաքում և Սիրիայում: