Երևանում բախվել են թիվ 35 երթուղին սպասարկող MAN ավտոբուսն ու Opel-ը

10:50 • 11.02.24

Այսօր՝ փետրվարի 11-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 09:00-ի սահմանում Մյասնիկյան պողոտայում՝ Ավանի կամրջի հարևանությամբ, բախվել են թիվ 35 երթուղին սպասարկող MAN մակնիշի ավտոբուսն ու Opel մակնիշի ավտոմեքենան։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 2 հոգի տեղափոխվել է Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոն։

Դեպքի վայր են ժամանել պարեկները։ Վթարի մասին ՊԾ Երևան քաղաքի գնդից տեղեկությունը փոխանցել են Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը:

Վթարի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզելու են վարորդների և վիրավորների ինքնությունը։

MAN-ը հաշվառված է Երևանի քաղաքապետարանի հաշվեկշռում և սպասարկում թիվ 35 երթուղին՝ Նոր Նորքի 5-րդ զանգվածից մինչև Մալաթիա Սեբաստիա վարչական շրջանի Ա. Բաբաջանյան փողոց։