Ֆրանսիան Լիբանանի և Իսրայելի սահմանին հրադադարի հաստատման ծրագիր է առաջարկել
Ֆրանսիան Լիբանանին առաջարկել է լիբանանա-իսրայելական սահմանին ռազմական գործողությունները դադարեցնելու և տարածքային վեճերը լուծելու ծրագիր, հայտնում է Reuters-ը՝ հղում անելով համապատասխան փաստաթղթին։
Ֆրանսիական կողմի առաջարկը, մասնավորապես, նախատեսում է, որ լիբանանյան «Հեզբոլլահ» խմբավորման մարտիկներն ապամոնտաժելու են բոլոր ռազմական օբյեկտները և Իսրայելի հետ սահմանից հետ կքաշվեն առնվազն 10 կմ:
Գործակալության զրուցակիցների խոսքով՝ Ֆրանսիայի արտգործնախարար Ստեֆան Սեժուրնեն լիբանանա-իսրայելական սահմանին հրադադարի մասին գրավոր առաջարկը Լիբանանի իշխանություններին ուղարկել է անցած շաբաթ:
Նամակում նշվում է, որ ծրագիրն ուղղված է կանխելու հակամարտությունը «որը վերահսկողությունից դուրս գալու վտանգ է պարունակում»։
Ֆրանսիայի առաջարկած ծրագիրը բաղկացած է երեք փուլից, որոնց իրականացումը կտևի տասն օր։ Ի վերջո, բանակցություններ են նախատեսվում Իսրայելի և Լիբանանի միջև վիճելի ցամաքային սահմանի սահմանազատման շուրջ։
Ֆրանսիան նաև նշել է, որ անվտանգությունն ապահովելու համար անհրաժեշտ է մինչև 15,000 լիբանանցի զինվոր տեղակայել հարավային սահմանային շրջանում, որտեղ տեղակայված են «Հեզբոլլահ»-ի ուժերը:
«Հեզբոլլահ»-ի խոսնակ Հասան Ֆադլալլան Reuters-ի հարցին ի պատասխան ասել է, որ իրենք չեն քննարկի դեէսկալացիայի մասին բանակցությունները, քանի դեռ չեն դադարեցվել մարտերը Գազայի հատվածում։
Գործակալության աղբյուրների համաձայն՝ առաջարկվող զինադադարի ծրագիրը վերջնական չէ։ Լիբանանյան կողմը դեմ է որոշ կետերին, այդ թվում՝ Իսրայելի սահմանի մոտ օբյեկտների ապամոնտաժմանը։
Ֆրանսիական նախագիծը ստացել է նաև Իսրայելի կառավարությունը։ Իսրայելցի պաշտոնյայի խոսքով՝ այն քննարկվում է։
Իրավիճակը հարավային Լիբանանում սրվել է 2023 թվականի հոկտեմբերին Իսրայելի և պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման միջև պատերազմի բռնկումից հետո։ Դեկտեմբերի սկզբից «Հեզբոլլահ»-ը գրեթե ամեն օր հրետակոծում է Իսրայելի տարածքը, իսկ իսրայելական բանակը պատասխան հարվածներ է հասցրել «Հեզբոլլահ»-ի դիրքերին:Երկու կողմերն էլ բազմիցս հայտնել են հարվածների հետևանքով քաղաքացիական անձանց մահվան մասին: «Հեզբոլլահ»-ի առաջնորդ Հասան Նասրալլան չի բացառել լայնածավալ ռազմական գործողություններ Իսրայելի հետ, եթե Գազայի հատվածում պատերազմը չավարտվեր հօգուտ պաղեստինցիների։










