Հայկական Կարմիր խաչ հասարակական կազմակերպության օրինական նախագահը Մխիթար Մնացականյանն է, այսօր կայացած «համագումարը» և «դրա որոշումները» առ ոչինչ են․ փաստաբան
Հայկական Կարմիր խաչ հասարակական կազմակերպության օրինական նախագահը Մխիթար Մնացականյանն է, այսօր կայացած «համագումարը» և «դրա որոշումները» առ ոչինչ են։
Այս մասին Tert.am-ին հայտնեց Կարմիր խաչ հասարակական կազմակերպության ներկայացուցիչ -փաստաբան Լևոն Բաղդասարյանը։
«Ցանկանում եմ արձանագրել, որ ժամանակն է եկել ունենալ մշակույթ ցանկացած վիճահարույց հարցերը օրենքի դաշտում լուծելու և բացառապես ղեկավարվել օրենքով։
Արձանագրեմ հետևյալը՝ Կարմիր խաչ հասարակական կազմակերպությունը ունի նախագահություն և նախագահության բացառիկ իրավունքն է նշանակել համագումարի օր, նշանակել արտահերթ համագումար։
Սույն թվականի փետրվարի 8-ին նախագահությունը դիմում էր ստացել, որ որոշ նախաձեռնող խումբ, առանց ստորագրությունների, ընդ որում, նախաձեռնող կազմակերպիչների ստորագրությամբ դիմում է ներկայացվել նախագահությանը, որպեսզի նախագահությունը որոշում կայացնի և թույլատրի արտահերթ համագումար։
Նախագահությունը ուսումնասիրելով ներկայացված փաստաթղթերը՝ հայտնաբերեց հետևյալ խախտումները, որ մի մասի ստորագրություններ բացակայում է, մի մասի ստորագրությունների տեղ ուղղակի անուն, ազգանուն է գրված, մի մասի անձնագրային տվյալները բացակայում են, ինչպես նաև հաշվի առնելով այն հանգամանքը, որ համագումարում պետք է հաստատվի տարեկան հաշվետվությունը, նախագահությունը որոշել է մերժել արտահերթ համագումարը, միևնույն ժամանակ նախագահությունը որոշել է համագումարի օր նշանակել 2024 թվականի ապրիլի 8-ին։
Եթե նախաձեռնող խումբը գտնում էր, որ նախագահության որոշումները իրավաչափ չեն, անօրինական են, օրենքով սահմանված կարգով կա իրավական գործիքակազմ այն բողոքարկելու դատական կարգով, ինչը որ չի արել և նախագահության որոշումը ենթակա է կատարման։
Միևնույն ժամանակ նախագահությունը այդ օրը հրավիրեց նախկին գլխավոր քարտուղարին և բացատրություն պահանջեց՝ որն է պատճառը, որ մինչև հիմա հաշվետվություն չի ներկայացվել նախագահությանը, մինչև հիմա 2024 թվականի բյուջեի հաստատումը չի ներկայացվել նախագահությանը որպեսզի ներկայացվեն համագումարին։ Եվ մի շարք այլ կանոնադրական խախտումներից ելնելով՝ նաև հեռացվեց գլխավոր քարտուղարին պաշտոնից։
Դրանից հետո օրենքով սահմանված կարգով գլխավոր քարտուղարի լիազորութունները պետական լիազոր մարմնի կողմից հաստատվեց։
Այսքանից հետո, երբ նախագահությունը կանոնադրության ուժով ինքն է որոշում համագումարի օր, ժամ և իրենք էլ չեն բողոքարկել, իրենց կարծիքով այդ անօրինական նախագահության որոշումը, այսօր որոշել են մի խումբ անձինք անել արտահերթ համագումար, որը արձանագրում է, որ համագումարը անօրինական է։
Կարմի խաչ ընկերությունը ունի նախագահություն։ Տեղի ունեցած արտահերթ համագումարը չի կարող լինել իրավաչափ։
Այսօր կա նախագահության 11 անդամ, որի կազմում են բավականին հարգելի հայտնի բժիշկներ պրոֆեսորներ, տնտեսագետներ, իրավաբաններ և իրենք, այո շարունակում են մնալ նախագահության անդամակցության կազմում մինչև նոր համագումարը։
Այսօրվա արտահերթ համագումարը այնքանով, որքանով որ նախագահությունը որոշում է կայացրել մերժելու, վերջիններս ունեին իրավունք բողոքարկելու նախագահության որոշումները, այն անվավեր ճանաչելուց հետո նոր դիմեին գործողություններին, իրենք չեն արել։
Այսինքն արտահերթ համագումարը իրավաչափ չէ։ Կարմիր խաչ հասարակական կազմակերպության օրինական նախագահը Մխիթար Մնացականյանն է։
Գործող Սահմանադրությամբ, հաստատված կանոնադրությամբ նախագահության կազմը մնում է նույնը և գլխավոր քարտուղարի փոփոխությունը օրենքով սահմանված կարգով ենթարկվել է պետական գրանցման։
Գլխավոր քարտուղարի հեռացումից, նշանակումից հետո նոր գլխավոր քարտուղարը ինձ տեղեկացրել է, որ խնդրել է նախկին գլխավոր քարտուղարին որպեսզի աշխատասենյակը ազատի, վերջինս հրաժարվել է։ Դրանից հետո, օրենքով սահմանված կարգով, նոր գլխավոր քարտուղարը իր գործառույթները իրականացրել է և այս պահին աշխատում է։
Գործող նախագահությունը և գլխավոր քարտուղարը իրենց պարտականությունները կատարում են, իսկ եթե շահագրգիռ անձինք գտնում են, որ իրենց գործառույթները ոչ իրավաչափ են, անօրինական են, իրենք իրավունք ունեն, օրենքով սահմանված կարգով դիմել դատական պաշտպանության»,- հայտնեց փաստաբանը։
Հիշեցնենք, որ այսօր Հայկական Կարմիր խաչի ընկերության (ՀԿԽԸ)՝ Բեսթ Վեստերն Պլյուս Կոնգրես հյուրանոցում կայացվել է արտահերթ համագումար, որը հրավիրվել էր ՀԿԽԸ անդամների 1/3-ի նախաձեռնությամբ, որի ընթացքում Աննա Եղիազարյանն ընտրվել էր կազմակերպության նախագահ։










