«Միակ պատասխանատուն Ռուսաստանի ռեժիմն է». համաշխարհային առաջնորդներն արձագանքել են Նավալնիի կյանքից հեռանալու լուրին

17:24 • 16.02.24

ԱՄՆ-ն սպասում է ռուս ընդդիմադիր առաջնորդ Ալեքսեյ Նավալնիի մահվան մասին տեղեկատվության հաստատմանը. այս մասին, The Guardian-ի փոխանցմամբ, ասել է Սպիտակ տան՝ ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջեյք Սալիվանը։

«Եթե հաստատվի, ապա դա սարսափելի ողբերգություն է»,- ասել է նա։

Գերմանիայի արտաքին գործերի նախարար Աննալենա Բերբոքը ասել է, որ «Կրեմլի քննադատ Ալեքսեյ Նավալնին մահացել է, քանի որ նա ազատ և ժողովրդավարական Ռուսաստանի խորհրդանիշն էր, ինչը ենթադրում է, որ իրեն միտումնավոր սպանել են»:

«Ալեքսեյ Նավալնին, ինչպես ոչ ոք, ազատ և ժողովրդավարական Ռուսաստանի խորհրդանիշն էր: Հենց դա է պատճառը, որ նա պետք է մահանար»,- X-ում գրել է Բերբոքը:

Եվրամիությունը Ռուսաստանին պատասխանատու է համարում Նավալնիի մահվան համար, հայտարարել է ԵՄ խորհրդի նախագահ Շառլ Միշելը։

Միշելը X-ում գրառման մեջ ասել է.«Ալեքսեյ Նավալնին պայքարել է հանուն ազատության և ժողովրդավարության արժեքների: Իր գաղափարների համար նա արեց վերջին զոհաբերությունը: ԵՄ-ն այս ողբերգական մահվան միակ պատասխանատուն է համարում Ռուսաստանի ռեժիմը»:

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Ենս Ստոլտենբերգը հայտարարել է, որ «խորապես վշտացած և անհանգստացած է» ռուս ընդդիմադիր գործիչ Ալեքսեյ Նավալնիի մահվան մասին հաղորդագրություններից։

Ստոլտենբերգն ասել է.«Մենք պետք է հաստատենք բոլոր փաստերը, իսկ Ռուսաստանը պետք է պատասխանի նրա մահվան հանգամանքների վերաբերյալ բոլոր լուրջ հարցերին»։

Մեծ Բրիտանիայի վարչապետ Ռիշի Սունակը ասել է, որ դա «սարսափելի նորություն է», և որ Նավալնին «ամբողջ կյանքի ընթացքում անհավանական քաջություն է ցուցաբերել»:

Լատվիայի նախագահ Էդգարս Ռինկևիչսը X-ում գրել է, որ Նավալնին «դաժանորեն սպանվել է Կրեմլի կողմից»:

Նա գրել է.«Ինչ էլ որ մտածեք Ալեքսեյ Նավալնիի՝ որպես քաղաքական գործչի մասին, նա պարզապես դաժանորեն սպանվեց Կրեմլի կողմից։ Դա փաստ է, և դա այն է, ինչ պետք է իմանալ Ռուսաստանի ներկայիս ռեժիմի իրական էության մասին»:

Նշենք, որ Ռուսաստանի Յամալ-Նենեցյան ինքնավար օկրուգի դաշնային քրեակատարողական ծառայության գրասենյակն իր կայքում հայտնել է ընդդիմադիր գործիչ Ալեքսեյ Նավալնիի մահվան մասին։

«2024 թվականի փետրվարի 16-ին թիվ 3 ուղղիչ գաղութում դատապարտյալ Ա.Ա. Նավալնին զբոսանքից հետո իրեն վատ է զգացել՝ գրեթե անմիջապես կորցնելով գիտակցությունը»,- ասվում է հաղորդագրությունում։

Հայտարարության մեջ նշվում է, որ անմիջապես ժամանել են հաստատության բուժաշխատողները և «հրավիրվել է շտապօգնության բրիգադ»։

Նավալնիի նկատմամբ հետախուզում էր հայտարարվել «Իվ Ռոշե»-ի գործով պատիժը կրելու պայմանների բազմակի խախտումների համար։ 2021 թվականի փետրվարի 2-ին դատարանը որոշել է նրա պայմանական պատիժը փոխարինել իրականով։ 2022 թվականի մարտին նա մեղավոր է ճանաչվել նաև դատարանի նկատմամբ անհարգալից վերաբերմունքի և նախընտրական միջոցների հավաքման ընթացքում խարդախության, իսկ 2023 թվականի օգոստոսին՝ ծայրահեղական համայնք ստեղծելու համար: