«Իսկական ընկերը դժբախտության մեջ է ճանաչվում». Սերբիայի նախագահը՝ ռուս և սերբ ժողովուրդների բարեկամության մասին
Սերբիայի նախագահ Ալեքսանդր Վուչիչը, պատասխանելով ռուս և սերբ ժողովուրդների բարեկամության և եղբայրության մասին հարցին, որպես օրինակ բերել է «ընկերը դժբախտության մեջ է ճանաչվում» ասացվածքը։
Այս մասին պետության ղեկավարը հայտարարել է ՏԱՍՍ-ի գլխավոր տնօրեն Անդրեյ Կոնդրաշովին տված հարցազրույցում։
«Մեր երկրում, որպես նախագահ, ես միշտ պետք է ռացիոնալ և պրագմատիկ մոտեցում ունենամ, բայց դժվարին ժամանակներում լավագույնս գնահատվում է մարդկային արժանապատվությունը և մարդկային էությունը: Սերբերեն և ռուսերեն, ինչպես նաև բոլոր անգլո-սաքսոնական, գերմանական լեզուներում կա ասացվածք՝ «իսկական ընկերը դժբախտության մեջ է ճանաչվում»: Թեթև պահերին հեշտ է ընկեր լինել: Իսկ դժվար պահին ընկեր մնալը, ազնիվ մնալն է ցույց տալիս իրականությունը: Կարծում եմ, որ Սերբիան՝ որպես փոքր երկիր, առավել քան արդար է ռուսական պետության և ռուս ժողովրդի նկատմամբ»,- ընդգծել է Վուչիչը՝ պատասխանելով երկու ժողովուրդների եղբայրական հարաբերությունների մասին հարցին։










