Իսրայելի խորհրդարանը հաստատել է Պաղեստին պետության ստեղծումը մերժող որոշումը
Իսրայելի խորհրդարանը հավանություն է տվել նախարարների կաբինետի որոշմանը, որով մերժվում է Պաղեստին պետության ստեղծման մասին «թելադրանքը», հայտնում է Kan ռադիոընկերությունը։
Օրերս հաղորդվել էր, որ Իսրայելի կառավարությունն իր ամենշաբաթյա հանդիպման ժամանակ միաձայն հավանություն է տվել վարչապետ Բենիամին Նեթանյահուի կողմից ներկայացված բանաձևին, որը մերժում է միջազգային հանրության «թելադրանքը» պաղեստինցիների հետ հակամարտության կարգավորման վերջնական կարգավիճակի և պաղեստինյան պետության ճանաչման վերաբերյալ։
Բանաձևում նշվում է, որ «Իսրայելը կտրականապես մերժում է պաղեստինցիների հետ մշտական կարգավորման վերաբերյալ միջազգային թելադրանքները»։
Իսրայելը կշարունակի ընդդիմանալ պաղեստինյան պետության միակողմանի ճանաչմանը, հայտնել են Նեթանյահուի աշխատակազմից:










