Բաքվում շուքով դիմավորել են Մոսկվայում Հայաստանի հարցմամբ ձերբակալված, ապա ազատ արձակված Քամիլ Զեյնալլին (տեսանյութ)

10:13 • 22.02.24

Մոսկվայի «Դոմոդեդովո» օդանավակայանում Հայաստանի հարցման հիման վրա ձերբակալված ադրբեջանցի ֆիթնես մարզիչ Քամիլ Զեյնալլին ազատ է արձակվել և վերադարձել է Բաքու:

Նա ադրբեջանական AZAL ավիաընկերության չվերթով Մոսկվայի «Վնուկովո» օդանավակայանից մեկնել է Բաքում, ինչի մասին հայտնել է ՌԴ-ում Ադրբեջանի դեսպան Փոլադ Բյուլբյուլօղլուն:

Ըստ Բյուլբյուլօղլիի՝ Ադրբեջանի դեսպանատունը հսկայական ջանքերի և ինտենսիվ բանակցությունների գնով է կարողացել ռուսական կողմին համոզել Հայաստանի քննչական մարմինների կողմից ներկայացված մեղադրանքի «անհիմն» լինելը և հասնել Ադրբեջանի քաղաքացու ազատ արձակման և հայրենիք վերադարձին:

Նշենք, որԶեյնալլին 44-օրյա պատերազմի ժամանակ Արցախում «Ալլահ Աքբար» բղավոցներով դանակով կտրել էր հայ ծերունու կոկորդը: Հայաստանի իշխանությունները նրա նկատմամբ սպանության մեղադրանքով միջազգային հետախուզում են հայտարարել:

Նախօրեին Զեյնալլին Instagram-ում  տեսանյութ էր հրապարակել, որտեղ պատմել էր, որ Բաքու վերադառնալու ճանապարհին՝ Մոսկվայի «Դոմոդեդովո» օդանավակայանում, ոստիկաններն իրեն բերման են ենթարկել և տարել ոստիկանական բաժանմունք։

«Ասացին, որ Հայաստանն իմ նկատմամբ միջազգային հետախուզում է հայտարարել»,- ասել էր ադրբեջանցին:

Նրա խոսքով՝ ինքը հետախուզման մեջ էր անցած տարվա մայիսից: Ադրբեջանցին աջակցություն էր խնդրել իր երկրի պետական կառույցներից:

Զեյնալլին պետք է այսօր ՌԴ-ում դատարանի առջև կանգներ։

Տեսանյութը կարող եք դիտել այստեղ: